Երևանում պաշտոնապես հիմնադրվեց արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը նպատակ ունի նպաստելու դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ներդրումային միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը։
կենտրոնի համաշխարհային ճանաչմանն ուղղված գործունեության շրջանակներում Երևանում անցկացվեց Միջազգային արբիտրաժային կոնֆերանս, որին մասնակեցին իրավաբաններ, գիտնականներ, բիզնեսի ներկայացուցիչներ և ուսանողներ ավելի քան 40 երկրից։
Ողջունելով կոնֆերանսի բոլոր մասնակիցներին և կազմակերպիչներին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ արբիտրաժն աշխարհում վեճերի այլընտրանքային լուծման ամենատարածված և ամենակիրառելի եղանակներից մեկն է, որը հատկապես գործարարները և ներդրողները շատ հաճախ գերադասում են պետական դատարաններից։
221982.jpg (409 KB)
«Նման մոտեցումը, իհարկե, արբիտրաժի մի շարք առավելությունների հետ է կապված, ինչպիսիք են վեճերի լուծման արագությունը, որակը և արբիտրին ընտրելու հնարավորությունը։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառությունը, տարածումը մեր երկրում։ Թե՛ գործնականում, թե՛ գիտականորեն փաստագրված է, որ կայացած արբիտրաժային մշակույթը և գործունեությունը նպաստում են ներդրումային միջավայրի բարելավմանը, օգնում են նաև թոթափել դատական համակարգի ծանրաբեռնվածությունը»,- ընդգծեց Գրիգորյանը։
Փոխվարչապետն անհրաժեշտ է համարում վեճերի այլընտրանքային լուծման եղանակների վերաբերյալ հանրության իրազեկվածության և գործարար համայնքի վստահության բարձրացումը, ինչպես նաև ուսումնական հաստատություններում համապատասխան կրթական ծրագրերի իրականացումը։
«Այս համատեքստում կարևորում եմ նաև նման կոնֆերանսների շարունակական կազմակերպումը։ Այս միջոցառումը մեկ վայրում է համախմբում Հայաստանում և Հայաստանից դուրս գործող պրակտիկ և գիտական մասնագետներին, շահագրգիռ ոլորտները ներկայացնող անձանց ու կազմակերպություններին՝ հնարավորություն տալով քննարկելու ոլորտի արդիական հարցերը»,- ասաց Գրիգորյանը։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը իր հերթին նշեց, որ թե՛ արբիտրաժի, թե՛ հաշտարարության զարգացումը մշտապես նախարարության ռազմավարական բարեփոխումների օրակարգում են։
«Դրա վառ ապացույցն է այն հանգամանքը, որ բազմաթիվ դրույթներ արտացոլված են թե՛ կառավարության ծրագրում, թե՛ արդարադատության նախարարության դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մեջ։ Վերջին մի քանի տարում իրականացրել ենք մի շարք փոփոխություններ՝ նպատակ ունենալով նպաստել վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը։ Արբիտրաժի ոլորտում այս տարի հեղափոխական քայլեր ենք իրականացրել։ Այսուհետ արբիտրաժային որոշ վճիռներ դուրս ենք բերել դատական հաստատումից, և արբիտրաժային կենտրոնները որոշումները կարողանում են ուղիղ ուղարկել Հարկադիր կատարման ծառայություն։
Նաև հեղափոխական էր հաշտարարության ոլորտում ընտանեկան որոշ գործերով ներդրումը պարտադիր հաշտարարության գաղափարով։ Դա շատ կարևոր է նրանով, որ հաշտարարության ինստիտուտը նույնիսկ զարգացած երկրներում է խնդրահարույց, սակայն այս քայլով ստեղծեցինք մի հարթակ, որտեղ ստիպում ենք պրոֆեսիոնալ փաստաբաններին ներգրավվել հենց հաշտարարության բլոկում»,- ընդգծեց Մինասյանը։
Միջազգային արբիտրաժային կոնֆերանսը կազմակերպել են «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, Եվրոպական միությունը (ծրագիրն իրականացվում է A.R.S Progetti S.P.A. կողմից), Արբիտրաժի և հաշտարարության Հայաստանյան կենտրոնը և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովը:










































