Բաքուն հայտարարել է Արցախին երկու բեռնատար մարդասիրական օգնություն առաքելու մասին, որը բնականաբար դեպի Արցախ է գնալու Աղդամի ճանապարհով: Ըստ տեղեկության, խոսքը մոտ 40 տոննա ալյուրի մասին է: Սա իհարկե ցինիզմի գագաթնակետն է՝ ավելի քան ինն ամիս ենթարկել Արցախը պաշարման, զուգահեռ թիրախավորել Արցախի բնակիչներին, գյուղատնտեսական աշխատանք իրականացնողներին, Հայաստան մեկնողներին, հասցնել իրավիճակը ընդհուպ սովամահության դեպքի, հղիության ընդհատումների, երեխաների թերսնումների, և ինն ամիս անց զուտ քաղաքական նկատառումներով երկու բեռնատար ուղարկել դեպի Արցախ, թերևս լավ իմանալով, որ արցախցիները չեն ընդունելու այդ մարդասիրական բեռը:
Բաքվի հաշվարկն իհարկե հենց դա է, որի միջոցով փորձ է արվում «ստանալ» թերևս հետևյալ պատկերը. ինքը պատրաստ է, բայց արցախցիները մերժում են, նաև ստանալ Լաչինի միջանցքի հանդեպ այսպես ասած հայելային պատկեր՝ Հայաստանի ուղարկած շարասյունը այնտեղ է կանգնած, իսկ իր ուղարկածը՝ Աղդամում: Ստեղծելով այդ պատկերը Ադրբեջանը կգնա՞ այսպես ասած փոխհամաձայնության՝ վացել միաժամանակ թե Աղդամը, թե Լաչինի միջանցքը և բաց թողնել մարդասիրական բեռները այսպես ասած համաժամանակ: Սա ողջունելու են միջնորդները, որոնք անում են այդպիսի առաջարկներ արդեն որոշակի ժամանակ: Բայց, կան հարցեր, մասնավորապես, իսկ ի՞նչ է լինելու հետո, դա լինելու է միանգամյա՞ ակցիա, թե՞ ենթադրելու է կանոնավոր պարբերականություն: Այդ դեպքում ի՞նչ պայմաններով է լինելու այդ պարբերականությունը:
Քննարկման ենթակա հարցերի շրջանակը բավականին մեծ է, իսկ դետալները՝ շատ կարևոր, որպեսզի մարդասիրական օգնության միջոցով Բաքուն չստեղծի քաղաքական ծուղակ: Միևնույն ժամանակ, ծուղակի էֆեկտ կարող է լինել մերժումը, հետևաբար Արցախից այստեղ պահանջվելու է թերևս շոշափելի ճկունություն, և, եթե մերժում՝ ապա միայն առաջարկների ու փաստարկների տեսքով, Ադրբեջանի հաշվարկները չարդարացնելու համար: Իսկ առաջարկների տրամաբանությունը թերևս կախված կարող է լինել երկու հանգամանքից: Նախ, որքան է Արցախի ներքին դիմադրունակության պաշարը՝ ներկայիս ռեժիմով, հետևաբար, որքան է դիվանագիտական ամրության պաշարը, և երկրորդ՝ առաջ քաշել թերևս ոչ թե այսպես ասած պայմաններ, այլ ավելի շատ՝ սկզբունքներ: Օրինակ, եթե խնդիրը դիտարկվում է մարդասիրական օգնությունների տրամաբանության մեջ, ապա, կախված իրավիճակից, երկու պարագայում էլ պետք է խուսափել քաղաքական «սուր անկյուններից» և կանոնավոր մարդասիրական փոխադրումներ իրականացնել երկու կողմից էլ ՄԱԿ հովանու ներքո, ներգրավելով ՄԱԿ համապատասխան կառույցները, կամ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի կազմակերպության հնարավորությունները, բայց՝ միջազգային սկզբունքով, թե Հայաստանից՝ Լաչինի միջանցքով, թե Աղդամի ճաապարհից:











































