
Ֆրանսիական Le Figaro հեղինակավոր պարբերականի հոդվածագիրը հայտնում է, որ Փարիզը պատրաստվում է ՄԱԿ ԱԽ ներկայացնել Լաչինի միջանցքի ապարգելափակմանն առնչվող բանաձևի նախագիծ: Եթե հոդվածագրի աղբյուրը հավաստի է, ապա տեղեկությունն իսկապես ողջունելի է: Սակայն, բուն իրողությանն իհարկե անհրաժեշտ է մոտենալ ոչ թե ողջույնի, այլ սառը դիտարկման համատեքստում, այդ առումով նկատի ունենալով կամ հիշելով ամիսներ առաջ եղած նախադեպը: Խոսքը այն հայտարարության նախագծի մասին է, որ Հայաստանի խնդրանքով ՄԱԿ ԱԽ էր ներկայացրել նույն Ֆրանսիան: Ի դեպ, այս անգամ նախաձեռնությունը դարձյալ Երևանի խնդրանքով է, թե՞ հենց Փարիզի որոշումով, պարզ չէ, սակայն բոլոր դեպքերում անկասկած է մի բան, որ պետք է «դաս քաղել» նախադեպից, որ եղավ հայտարարության պարագայում: Մասնավորապես, հիշում ենք, որ հայտարարության տեքստը բախվել էր մի քանի երկրի անհամաձայնությունների, այդ թվում առանցքայինը գուցե՝ Ռուսաստանի:
Ի վերջո, հենց Ռուսաստանի անհամաձայնության պատճառով էլ տեքստը մերժվել էր և չէր ընդունվել, իսկ անհամաձայնության պատճառ եղել էր այն, որ Ռուսաստանին հայտարարության տեքստում չէր բավարարել փաստը, որ շոշափելի հիշատակված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, դրանից բխող ՌԴ առանձնահատուկ դերակատարման հանգամանքը: Այս առնչությամբ իհարկե կարող ենք ամենաազատ և կամայական մեկնաբանությունների և գնահատականների ենթարկել ՌԴ դիրքորոշումը, որը փաստացի բերել է հայտարարության տապալման, սակայն կա տապալման փաստը: Իսկ Հայաստանին ու Արցախին թերևս պետք է քաղաքական-դիվանագիտական արդյունք, այլ ոչ թե Ռուսաստանի «դիմակը պատռելու» մի հերթական առիթ, առավել ևս, որ Ռուսաստանի «դիմակի» առումով վաղուց այլևս «պատռելու» բան գրեթե չի էլ մնացել:
Բուն խնդիրը այն է, թե Հայաստանը ի՞նչ արդյունք կստանա ՄԱԿ ԱԽ հարթակում, որովհետև, եթե որևէ նախաձեռնություն հանգում է ընդամենը Ռուսաստանի «դիմակազերծմանը», ապա դա ավելի շուտ արդյունք է բոլոր այն դերակատարների համար, որոնք հակամարտության մեջ են Ռուսաստանի հետ, այլ ոչ Հայաստանի ու Արցախի՝ որոնք անհավասար հակամարտության մեջ են Բաքվի հետ և այդ հակամարտության թե ռազմա-քաղաքական, թե մարդասիրական աղետալի ռիսկերը չեզոքացնելու համար էլ ակնկալում են միջազգային դերակատարների գործուն մասնակցություն ու աջակցություն: Հետևաբար, ՄԱԿ ԱԽ բաանաձևի նախագիծ ներկայացնելիս, Ֆրանսիան թերևս պետք է բավարար տնային աշխատանք կատարի առնվազն հինգ մշտական անդամների շրջանում այդ նախաձեռնության ընդունելիության բավականին բարձր հավանականություն և նախադրյալ ձևավորելու համար: Այլապես, նախաձեռնությունը կամա, թե ակամա կվերածվի ՄԱԿ մշտական հնգյակի դերակատարների միջև հարաբերություններ պարզելու մի հերթական դրվագի, որը ոչ միայն գործնական օգտակարություն չի ունենա Հայաստանի ու Արցախի համար, այլ ըստ էության կարող է դառնա Ադրբեջանի հանդգնության նոր լիցք: Դա չպետք է թույլ տալ: