Իրանական Ադրբեջանի ջրային ռեսուրսների կառավարման կառույցի ղեկավար Յուսեֆ Գաֆարզադեն Mehr գործակալությանն ասել է, որ առաջիկա օրերին Իրանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա Արաքս գետի վրա «Հոդափերին» եւ Կույսի աշտարակ ջրամբարները շահագործման հանձնելու պաշտոնական արարողությունը: Նման հանդիպման մասին մարտի կեսերին խոսել էր Բաքվում ԻԻՀ դեսպան Մուսավին: Միջոցառումը տեղի չունեցավ, իսկ դեսպանը «լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու» պատճառաբանությամբ ետ կանչվեց Թեհրան:
Որքանո՞վ է հավաստի տեղաշրջանային պաշտոնյայի փոխանցած տեղեկատվությունը՝ պարզ կլինի, հավանաբար, առաջիկայում: Փաստ է, որ ջրամբարները կառուցված են, կողմերի միջեւ կա նաեւ տեղում հէկ կառուցելու համաձայնություն: Բաքուն եւ Թեհրանը, բնական է, կիսելու են ջրային ռեսուրսները կամ բաժանելու են ըստ պայմանավորվածության: Այդ նախագծի վերաբերյալ մանրամասնություններ հայտնի չեն, բայցի այն, որ ջրամբարների կառուցումը ծրագրված էր դեռեւս ԽՍՀՄ գոյության տարիներին: Ադրբեջանը պարզապես այն ժառանգել է որպես նախկին միութենական հանրապետություն:
Այդ մասին իրանա-ադրբեջանական համաձայնությունը կայացել է ղարաբաղյան առաջին պատերազմում հրադադարից հետո Հեյդար Ալիեւի Թեհրան կատարած այցի ընթացքում: Տարածաշրջանային նշանակության հիդրոհանգույցի կառուցման եւ կողմերի իրավունքների հարցում վերջնական համաձայնություն, որքան էլ արտառող չհնչի, ձեռք է բերվել արդեն… 2016 թվականին, երբ Իլհամ Ալիեւն է այցելել Թեհրան: Ցանկության դեպքում կարելի է ճշտել՝ դա տեղի ունեցել ապրիլյան քառօրյայից առա՞ջ, թե՞՝ հետո, բայց դրանից, երեւի, սկզբունքորեն ոչինչ չի փոխվում կամ քիչ բան է փոխվում:
Հիշվում է, որ Ալիեւի թեհրանյան այցից հետո Ադրբեջանի պատկան գերատեսչությունը հայտարարեց, որ Իրանը համաձայնել է կառույցին ադրբեջանցի մասնագետների ներգրավման՝ Բաքվի կողմից առաջադրված պայմանին: Ռաիսի-Ալիեւ հավանական հանդիպման անդրադառնալով՝ Բաքվի մերձիշխանական լրատվամիջոցը բացահայտել է, որ Իրանը հիդրոհանգույցի շուրջ «ստեղծել է տասը կիլոմետրանոց անվտանգության գոտի, որտեղ մուտք են գործել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները, նրանք ետ են քաշվել իրենց դիրքերը, երբ Ադրբեջանն ազատագրել է իր օկուպացված տարածքները»:
Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա ստացվում է, որ 2016թ.-ին Հոդափերինի կամրջի շրջանում ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերը տասը կիլոմետրով ետ են քաշվել: Պայմանականորեն ասած՝ տեղի է ունեցել «սահմանազատում» կամ ռազմավարական նշանակության «տարածքի միակողմանի զիջում»: Ավելին, հիդրոհանգույցի շինարարության գոտու անվտանգության ապահովումն անցել է ԻՀՊԿ ստորաբաժանումներին, որ այնտեղ մնացել են մինչեւ Ջեբրայիլը կանցներ Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողությանը, իսկ որոշ աղբյուրների տեղեկացվածությամբ՝ սահմանի այդ հատվածն իրանական կողմի հսկողությանն է հանձնել դեռեւս 2007 թվականին:
Իրականում ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչ համաձայնության հիման վրա են հայկական ուժերը հեռացել իրենց դիրքերից՝ սա խնդրի մի կողմն է: Փաստացի ստացվում է, որ Հոդափերինի կամրջի հատվածում հայկական զինված ուժերը 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանական հարձակումն ընդունել են՝ թիկունքում ունենալով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումների ներկայությու՞նը: Խոսքն ի՞նչ մեծության տարածքի մասին է, տաս կիլոմետրանոց անվտագության գոտի ասլեով խորքայի՞ն չափում է նկատի առնվում միայն, թե նաեւ՝ պարագծային:
Խոսքն, իհարկե, Հայաստանի սուվերեն կամ բուն Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին չէ, ոչ էլ, ամենայն հավանականությամբ, պաշտոնական Երեւանը կարող էր խոչընդտոտել «Հոդափերին» եւ «Կույսի աշտարակ» ջրամբարների կառուցմանը: Բայց փոխարենն ի՞նչ է ստացել ԼՂՀ-ն: Անվտանգության երաշխի՞ք, կարգավորման բանակցություններին ուղղակի մասնակցության իրավու՞նք: Ոչինչ էլ չի ստացել: Այնումենայնիվ, հետաքրքրվածությունը հաղթեց. պարզվում է՝ Իլհամ Ալիեւը Թեհրան է այցելել 2016թ. մարտի 1-ին: Ապրիլյան ագրեսիայի հրամանն արձակելուց մեկ ամիս առաջ:







































