Մայիսի 2-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը կառավարող Արդարություն եւ զարգացում կուսակցության կենտրոնական գրասենյակում հանդիպել է ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելին: Ավելի վաղ վերջինս մամուլին տեղեկացրել էր, որ կայցելի Թուրքիայի նախագահի նստավայր, բայց «դա արարողակարգին ընդունելություն չի լինի, այլ՝ գործնական խոսակցություն»: Որոշ մեկնաբաններ գտնում են, որ Էրդողանը «մտադիր է պառակտել մունիցիպալ ընտրություններում հաղթած ընդդիմադիր կուսակցությունը»: Համարվում է, որ «ուշադրության արժանացնելով,, Օզելին՝ Թուրքիայի նախագահը «նվաստացնում է Ստամբուլի վերընտրված քաղաքապետ Իմամօղլուին, ով համարվում է արտահերթ կամ հերթական նախագահական ընտրություններում քեմալականների հիմնական թեկնածուն»:
Թուրքական մամուլը խոսում է մունիցիպալ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտության արտաքին քաղաքական հետեւանքների մասին: Նշվում է, մասնավորապես, Միացյալ Նահանգներ Էրդողանի այցի «հետաձգումը» եւ իսրայելա-պաղեստիյան բանակցությունների «սեղանից Թուրքիայի հեռացումը»: Կարեւոր նշանակություն է տրվում նաեւ իրողությանը, որ, չնայած ակնյալիքներին, նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է ոչ թե Թուրքիա, այլ Չինաստան ուղեւորվելու ծրագրի մասին:
Առանձնահատուկ ուշադրություն է արժանացել Իսրայելի դեմ առեւտրական «էմբարգոյի,, խնդիրը: Այս առումով չափազանց ուշագրավ է մեկնաբաններից մեկի դիտարկումը, որ Թուրքիան «միջնորդ է Իսրայել ադրբեջանական նավթի առաքման գործարքում, բայց Էրդողանը նույնիսկ իր մերձավորագույն դաշնակցին՝ Ադրբեջանի նախագահին տեղյակ չի պահել Իսրայելի հետ առեւտրաշրջանառությունը կասեցնելու որոշման մասին»: Ի՞նչ աղբյուրից է այս տեղեկությունը քաղել թուրք մեկնաբանը՝ նա չի մանրամասնում, բայց երեւույթն ինքը շատ խոսուն է:
Նա, կարծես, ենթատեքստով ակնարկում է, որ Ջեյհանից իսրայելական նավահանգիստներ ադրբեջանական նավթի առաքման հետ կապված Բաքվի եւ Անկարայի միջեւ «տարաձայնություններ են առաջացել»:
Թերեւս դրանով է պայմանավորված, որ Անկարա է ուղեւորվել Ադրբեջանի վարչապետ Ասադովը: Ֆորմալ առումով նա մասնակցում է թուրք-ադրբեջանական գործարար համաժողովի, բայց տեղեկություն կա, որ կգումարվի նաեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ: Իսկ դա նշանակում է, որ կողմերի միջեւ հրատապ լուծումների ենթակա խնդիրներ են առաջացել: Թերեւս Թուրքիայի ներքին կյանքում ենթադրվող տեղաշարժերով է պայմանավորված ավանդաբար «քեմալիստական կողմնորոշման» համարում ունեցող՝ Ադրբեջանի «Մուսաֆաթ» կուսակցության առաջնորդի պաշտոնում Իսա Գամբարի վերընտրությունը, ինչպես նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ Իլհամ Ալիեւի մտադրությունը:
Այսպես, թե այնպես՝ մարտի 31-ի մունիցիպալ ընտրություններում ոչ այնքան Արդարություն եւ զարգացում կուսակցության, որքան Էրդողանի անձնական պարտությունը, կարծես, գուժում է նրա դարաշրջանի մայրամուտը: Խնդիրն այն է, թե փաստը ե՞րբ եւ իրավա-քաղաքական ինչ գործընթացով վերջնական ամրագրում կունենա: «Թուրանի» խմբագրականը կանխատեսում է, որ եթե «կոալիցիոն կառավարություն չձեւավորվի, սղաճը գոնե չկանգնեցվի, ապա առաջիկա հոկտեմբերին թուրք հանրությունը դուրս կգա փողոցներ եւ հրապարակներ եւ նախագահի ու խորհրդարանի արտահերթ ընտրություններ կպահանջի»: Բայց հարց է. եթե մունիցիպալ ընտրություններում հաղթած ընդդիմությունը բարձրագույն իշխանության հասնելու բացառիկ շանս ունի, ապա ինչու՞ պիտի Էրդողանի հետ կիսի ֆորս-մաժորը հաղթահարելու պատասխանատվությունը: Դա միայն մի դեպքում է հնարավոր. եթե Թուրքիան կանգնի էքզիստենցիալ սպառնալիքի առջեւ: Բացառված չէ, որ Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում «հատուկ ռազմագործողություն» սկսելով՝ Էրդողանը Թուրքիան արհեստականորեն կանգնեցի նման գոյաբանական վտանգի առաջ:










































