Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 24-ի նիստում: Թե ինչ են իրենցից ներկայացնում այդ առաջարկները, ինչով են դրանք տարբերվում նախորդներից, և ու՞մ միջոցով է Հայաստանը փոխանցել դրանք, վարչապետ Փաշինյանը չի մանրամասնել: Փաստորեն, տեղի է ունեցել առաջարկների հերթական փոխանցումը, որը կարծես թե հինգերորդն է: Շուտով ըստ ամենայնի հնարավոր կլինի կորցնել հաշիվը Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի առաջարկների փոխանցումների առնչությամբ, սակայն որքանով է դա մոտեցնում խաղաղության պայմանագրի՝ խաղաղության հավասարակշռված պայմանագրի հնարավորությունը, պարզ չէ:
Չկա որևէ շոշափելի նախադրյալ, որը թույլ կտա խոսել այդ պայմանագրի իրատեսականության մասին: Մյուս կողմից, իհարկե կարևոր է շարունակել խաղաղության փնտրտուքը և դրա շուրջ հավասարակշռված համաձայնության փորձերը, սակայն միևնույն ժամանակ աներկբա է, որ այդպիսի հեռանկար կարող է լինել միայն ուժերի հավասարակշռության պայմաններում: Այդ հավասարակշռությունը, ինչպես բազմիցս առիթ եմ ունեցել նշելու, կամ պետք է լինի հենց Հայաստանի ու Ադրբեջանի միջև, կամ այդ հավասարակշռությունը պետք է ապահովեն միջազգային դերակատարները, այսպես ասած միջնորդները: Այսօր չկա թե մեկը, թե մյուսը: Հետևաբար, չկա հավասարակշռություն՝ չի լինի խաղաղության կենսունակ, աշխատունակ, իրապես խաղաղություն ապահովող պայմանագիր:
Այդպիսով, իրական խաղաղության ձգտման չափորոշիչը այն է, թե ինչպիսին է աշխատանքը ուժերի հավասարակշռության ապահովման ուղղությամբ: Ինչ սուբյեկտի վարքագիծ էլ գնահատվի, չափորոշիչը թերևս դա է՝ կա՞ ուժերի հավասարակշության ապահովման ուղղությամբ քայլ, ուրեմն կա քայլ խաղաղության ուղղությամբ, այլապես, քայլերը կարող են լինել խաղաղության անունից, բայց բոլորովին այլ իրական ուղղություններով:








































