Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում կարծես սուպեր ակումբ է ձևավորվում։ Երևանի «Նոան» վերջին օրերին իրականացնում է տրանսֆերներ, որոնք կարելի է աննախադեպ համարել։ Եվ այսպես, առաջիկա օրերին Նոայի» կազմը կհամալրի նիդերլանդական «Ֆորտունա Սիտարդի» հոլանդացի հարձակվող Պաուլ Խլադոնը։ Այդ մասին հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի մեկնաբան Հայկ Հովհաննիսյանը։ «Ինձ հայտնի է դարձել, որ «Նոան» մոտավորապես 150 000 եվրոյով գնելու է Նիդերլանդների առաջնության «Ֆորտունա Սիտարդ» թիմի հարձակվող Պաուլ Խլադոնի տրանսֆերը։ 31-ամյա ֆուտբոլիստը տարեկան ստանալու է 350 000 եվրո։Խլադոնն այսօր պետք է ժամանի Հայաստան։ Հարձակվողը կարիերայի ընթացքում խաղացել է Նիդերլանդներում, Անգլիայում և Բելգիայում: 2016-ին «Վուլվերհեմփթոնը» 2 միլիոն եվրո է վճարել նրա տրանսֆերի համար»,- սոցցանցերում գրել է Հայկ Հովհաննիսյանը։ Նիդերլանդերի ընթացիկ առաջնության մեկնարկային երկու տուրերում Պաուլ Խլադոնը խաղացել է «Ֆորտունա Սիտարդի» մեկնարկային կազմում։ Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է 27 խաղի ու խփել 7 գոլ։ Ընդհանուր առմամբ, հարձակվողը Նիդերլանդների առաջնությունում անցկացրել է 145 հանդիպում, դարձել 28 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ, «Նոայի» հետ պայմանագիր էր կնքել Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Դյեմերսի Մբոկանին։
37-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը Բելգիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Վասլանդ Բեվերենն» էր, որին նա 2022 թվականի սեպտեմբերին միացել էր ազատ գործակալի կարգավիճակում։ Բելգիական ակումբի կազմում հարձակվողը նախորդ մրցաշրջանում մասնակցել է 24 խաղի, դարձել 16 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Կարիերայի ընթացքում Մբոկանին խաղացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի, Ֆրանսիայի Լիգա 1-ի և Գերմանիայի Բունդեսլիգայի պես ուժեղ առաջնություններում։ Նա ներկայացրել է բելգիական «Անդերլեխտը», «Ստանդարտը», «Անտվերպենը», Ֆրանսիայի առաջնությունում խաղացող «Մոնակոն», գերմանական «Վոլֆսբուրգը», անգլիական «Նորվիչն» ու «Հալ Սիթին», Քուվեյթի «Ալ Քուվեյթը»։ «Նոան» Մբոկանիի կարիերայի 14-րդ ակումբն է։Հարձակվողը Կիևի «Դինամոյի» պատմության ամենաթանկ տրանսֆերն է (11 միլիոն եվրո)։ Ուկրաինական ակումբի կազմում Մբոկանին 2013-2018-ին անցկացրել է 77 հանդիպում ու խփել 31 գոլ։ Կոնգոյի Դեմոկրատական հանրապետության հավաքականի կազմում հարձակվողը 2005-2022-ին մասնակցել է 49 հանդիպման ու դարձել 22 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը 400 հազար եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը։ Մեր տեղեկություններով Մբոկանին երևանյան թիմում տարեկան կստանա կես միլիոն եվրո աշխատավարձ։ Սա ևս աննախադեպ բարձր գումար է Հայաստանի առաջնության համար։
Ըստ տեղեկությունների «Նոայի» կազմը կհամալրի նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը ելույթ է ունենում կիպրական «Անորտոսիսում»։ Վերջինիս կազմում Համբարձումյանն անց է կացրել 86 հանդիպում, դարձել է 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: Համբարձումյանը խաղացել է նաև Կիպրոսի «Էնոսիսում», մակեդոնական «Վարդարում» ու Երևանի «Ուրարտուում», որի հետ 2014-ին դարձել է Հայաստանի չեմպիոն։ Ըստ Տրանսֆերմարկետ պարբերականի Transfermarkt-ը Համբարձումյանի տրանսֆերային արժեքը 400 հազար եվրո է։ «Անորտոսիսի» նախագահ Անդրեաս Սանտիսը հաստատել է, որ Համբարձումյանը հեռանում է։«Մենք ունենք ֆուտբոլիստներ, որոնք պետք է հեռանան թիմից։ Նրանք ոչ թե վատ խաղացողներ են, այլ չեն մտնում մեր ծրագրերի մեջ։
Խոսքը Համբարձումյանի, Կիկոյի ու Էրիկ Սաբոյի մասին է։ Նրանք ունեն պայմանագիր, պետք է գտնել լուծումներ»,- ասել է Անդրեաս Սանտիսը: Տրանսֆերային վերջին գործարքները վկայում են, որ «Նոան» մտադիր է պայքարել Հայաստանի չեմպիոնի կոչման համար։ Ընթացիկ առաջնությունում այս թիմը 4 խաղից հետո 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։






































