Տասը տարի առաջ Ամերիկան, այնուհետ՝ քաղաքակիրթ աշխարհը սկսեցին անհանդուրժողականության և պայքարի շրջան բարբարոսության, այնուհետ՝ բռնատիրության դեմ:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց հրապարակախոս, թատերագետ Արա Նեդոլյանը` հետահայաց հայացք գցելով 2001թ. Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական դեպքերին:
Նրա խոսքով`այժմ, սակայն, այդ պայքարը տանում են արդեն իրենք՝ ազատություն տենչացող ժողովուրդները, և այն պսակվում է հաղթանակներով, Ամերիկայի, Արևմուտքի զինուժի նվազ օգնություն է արդեն պահանջվում՝ ինչպես Լիբիայում, կամ չի պահանջվում առհասարակ՝ ինչպես Թունիսում ու Եգիպտոսում:
«Դիկտատորների հետ դաշինքի արատավոր ռազմավարությունից ԱՄՆ-ն, Արևմուտքը սկսում են հեռանալ, գալիս է, կարծես թե, աշխարհի նոր ժողովրդավարացման փուլ: Բռնատիրությունը ամենուրեք սկսվում է դիտվել իբրև անընդունելի մի բան, առաջին հերթին՝ հենց ճնշված ժողովուրդների կողմից, որոնց մոտ կրկին զարթնում է արժանապատվության զգացումը»,- ասաց հրապարակախոսը:
Ըստ նրա`մոտ ապագայում մենք դեռ ժողովրդավարական-ազատական պայքարի շատ վառ նմուշներ կտեսնենք, ու առաջին հերթին՝ մեր տարածաշրջանում:











































