Հայկական ակումբներն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեցին Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում: Մեր 4 թիմերն ընդհանուր առմամբ անցկացրած 16 հանդիպումներում արդեն 31 գոլ են խփել, ինչը ռեկորդային ցուցանիշ է եվրագավաթների մասնակցության ողջ պատմության ընթացքում։ Եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում առավել արդյունավետ են գործել «Փյունիկն» ու «Ալաշկերտը»՝ խփելով 9-ական գնդակ: «Ուրարտուի» ֆուտբոլիստները մրցակիցների դարպասը գրավել են 7 անգամ, «Արարատ-Արմենիան» աչքի է ընկել 6 անգամ: Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում մեր 4 թիմերից հաջողության հասավ միայն «Փյունիկը»։ Վերջինս թե արտագնա խաղում, թե սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց շվեդական «Կալմարին» դուրս գալով երրորդ փուլ։ Ընդհանուր առմամբ, բացառությամբ «Ուրարտուի» մեր թիմերի ելույթները Կոնֆերենցիաների լիգայում կարելի է համարել նորմալ։ Երևանի «Ալաշկերտը» ցուցադրելով կամային բարձր որակներ ճակատամարտ տվեց հունգարական «Դեբրեցենի» դեմ։ Հայկական թիմը արժանի էր հաղթանակի, բայց․․․։ Առաջին խաղում Աբովյանում պարտվելով 0։1 հաշվով «Ալաշկերտը» և մասնավորապես այս թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը ճիշտ հետևություններ արեցին բեկելով դիմակայության ընթացքը։ Պետք է արժանին մատուցել այս մասնագետին, որը երևանյան թիմին բոլորովին նոր շունչ ու փիլիսոփայություն է հաղորդել։
Վստահաբար կարող ենք ասել, որ Գևորգյանին վստահելու պարագայում ապագայում «Ալաշկերտը» կբարելավի խաղային որակը։ Նույնը կարելի է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մասին։ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիրը մեծ հաշվով հավասար պայքար մղեց հունական կարգով զգալի բարձր «Արիսի» դեմ դիմակայությունում։ Երևանում մեր թիմը շատ մոտ էր հաղթանակին։ Դրական արդյունքի կարող էին հասնել նաև Սալոնիկում։ «Արարատ-Արմենիային» չբավարարեց թերևս հարձական գծի ֆուտբոլիստների կատարողական վարպետությունը։ Տակտիկական առումով Մինասյանը գերազանցեց հունական թիմի գլխավոր մարզչին։ Ավելի բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստներով համալրվաս «Արիսը» ավելի դիպուկ գտնվեց։ Ընդհանուր առմամբ «Փյունիկը» և «Արարատ-Արմենիան» և «Ալաշկերտը» Կոնֆերենցիաների լիգայի առաջին երկու փուլերում ցուցադրեցին հասուն և այսպես ասած սոլիդ ֆուտբոլ։ Նույնը ոչ մի կերպ չես կարող ասել «Ուրարտուի» մասին։ Կազմով ավելի ուժեղ այս թիմը հերթական ֆիասկոն «մատուցեց»։ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիի» հետ դիմականությունում ձախողվելուց հետո այս թիմը անհավասարակշռված և անտաշ խաղով աչքի ընկաով նաև Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում, երկու խաղում կրելով նույնքան պարտություն։ Ընդհանուր առմամբ անցկացրած հանդիպումներում «Ուրարտուն» երկու անգամ գոլ բաց թողեց հանդիպման վերջին րոպեին։ Երեք անգամ առաջ անցնելով հաշվի մեջ այս թիմը երեք պարտություն կրեց։ Դժվար է հաշվել թե քանի անգամ «Ուրարտուի» ֆուտբոլիստները մանկական սխալներ թույլ տվեցին պաշտպանությունում։ Սա առաջին հերթին խոսում է մարզչական մտքի բացակայության մասին։
«Մենք 2 տարբեր խաղակեսեր անցկացրեցինք։ Առաջին կեսում և 2-րդ սկզբում նույնիսկ վերահսկում էինք խաղը։ 2 գոլ խփեցինք, ամեն ինչ մեր օգտին էր, բայց ցավոք մեր եվրագավաթային մրցաշրջանն ավարտվեց։ Իհարկե, ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Սա ինձ համար էլ էր առաջին փորձը եվրագավաթներում։ Առաջին կեսում և չեմ հիշում, որ սխալներ թույլ տված լինենք։ Մրցակիցը իրական գոլային պահեր չի ունեցել առաջին կեսում։ Երկրորդ կեսում, բնականաբար ստանդարտի ժամանակ սխալ կար։ Հետո 2։2 հաշվի ժամանակ մենք պետք է գոլ խփեինք և նետվել էինք առաջ։ Մենք բոլոր խաղերում առաջ էինք անցնում հաշվի մեջ, բայց հետո գոլ էինք բաց թողնում։ Իհարկե, մենթալ առումով խնդիրներ կային։ Չէի ասի, որ 60-րդ րոպեից հետո թիմը կանգնում է։ Դրա ապացույցն է Բոսնիայում կայացած խաղը։ Այսօր էլ կանգ չէինք առել։ Իմ կարծիքով՝ այսօր առաջին կեսը շատ հետաքրքիր էր։ Մենք Ռումինիայի չեմպիոնին կարողացանք թույլ չտալ գոլային պահեր ստեղծել մեր դարպասին առաջին կեսում։Կրկնում եմ, որ ամբողջ պատասխանատվությունը մարզչական շտաբի՝ հատկապես ինձ վրա է։ Մենք կվերլուծենք խաղը։ Չեմ ուզում հիմա դրական կամ բացասական կետեր նշել» ,- Ռումինիայի չեմպիոն «Ֆարուլի» դեմ պատասխան հանդիպումից հետո ասել է «Ուրարտուի» ռուս գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն։
Այն որ, այս մասնագետը իր վրա է վերցնում պատասխանատվությունը դա լավ է։ Արձանագրենք թերևս, որ ներկայիս վիճակից դուրս գալով համար «Ուրարտուն» պետք է դիմի արմատական փոփոխությունների։ Հուսանք, որ Գունկոյի գլխավորթյամբ «Ուրարտուն» այլևս երբեք Հայաստանի չի ներկայացնի եվրագավաթների խաղարկություններում։








































