Ռուսաստանի առաջնության 23-րդ տուրում Կրասնոդարի համանուն թիմը սեփական հարկի տակ 3:1 հաշվով պարտության մատնեց մինչ այս տուրը մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում ընթացող Կազանի «Ռուբին»-ին և ամրապնդվեց 9-րդ տեղում:
Հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց «Կրասնոդար»-ի և Հայաստանի հավաքականի հարձակման գծի առաջատար Յուրա Մովսիսյանը, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
59-րդ րոպեին Մովսիսյանը ևս 1 անգամ աչքի ընկավ, սակայն մրցավարը կանոնների խախտում նկատեց հայ հարձակվողի գործողություններում և չհաշվեց նրա խփած գոլը: 2 րոպե անց Ամիսուլաշվիլին այդուհանդերձ կրկնապատկեց հաշիվը` մոտ տարածությունից գնդակն ուղարկելով Ռիժիկովի դարպասը: 80-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը տրիբունաների բուռն ծափահարությունների ներքո լքեց խաղադաշտը, նրա փոխարեն խաղը շարունակեց Սպարտակ Գոգնիևը:
86-րդ րոպեին «Ռուբին»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. Նատխոն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում կազանցիների դարպասապահին պատժեց Ժոաոզինյոն. Ռիժիկովը անկյունային հարվածի ժամանակ եկել էր մրցակցի տուգանային հրապարակ` դատարկ թողնելով սեփական դարպասը, ինչից օգտվեց արագաշարժ բրազիլացին:
Պարտությունից հետո «Ռուբին»-ը նահանջեց 5-րդ հորիզոնական` տեղը զիջելով Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ին, որն իր հերթին 4:2 հաշվով պարտության մատնեց մրցաշարային աղյուսակի առաջատար «Զենիթ»-ին: Այսօր պարտություն կրեց նաև մյուս առաջատարը` «ԲԿՄԱ»-ն` «դինամոյական»-ները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին «բանակային»-ների դարպասը:







































