Հավանաբար հաճախ եք հանդիպել կանխատեսումներում հետևյալ ձևակերպմանը․ «Ցերեկը տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ»։ Միևնույն ժամանակ, քաղաքի մի թաղամասում կարող է որոտալ ամպրոպն ու տեղալ հորդառատ անձրև, իսկ մի քանի կիլոմետր այն կողմ արևը շարունակի պայծառ շողալ։ Այսպես են դրսևորվում ներզանգվածային ամպրոպները։ Այս մասին տեղեկություն է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Ի՞նչ առանձնահատկություն ունեն դրանք
Ամպրոպային երևույթների մեծ մասը կապված է մթնոլորտային ճակատների, հատկապես՝ ցուրտ ճակատների հետ։ Այդ դեպքերում ամպրոպային օջախները զբաղեցնում են մեծ տարածքներ, շարժվում են ճակատի հետ միասին, և դրանց առաջացումը հնարավոր է կանխատեսել մի քանի ժամ ճշգրտությամբ։
Ի տարբերություն դրա՝ ներզանգվածային ամպրոպները ձևավորվում են միատարր օդային զանգվածի ներսում՝ առավել հաճախ ցիկլոնի տաք հատվածում կամ անտիցիկլոնի արևմտյան ծայրամասում։ Դրանց առաջացման հիմնական պատճառը Արեգակի ազդեցությամբ երկրամակերևույթի ուժեղ տաքացումն է անկայուն և խոնավ օդային զանգվածում։
Ինչպե՞ս են ձևավորվում
Ամառային օրերին Արեգակը ինտենսիվորեն տաքացնում է երկրի մակերևույթը։ Արդյունքում առաջանում են տաք օդի վերելքային հոսանքներ՝ թերմիկներ, որոնք բարձրանում են վեր։ Այս երևույթը կոչվում է ջերմային կոնվեկցիա։ Եթե օդում առկա է բավարար խոնավություն, որոշակի բարձրության վրա սկսում են ձևավորվել կույտավոր ամպեր։
Երբ վերելքային հոսանքները հատկապես ուժեղ են լինում, կույտավոր ամպերը շարունակում են զարգանալ ուղղահայաց ուղղությամբ՝ հասնելով տրոպոսֆերայի սառցակալման մակարդակին։ Այդ ձև դրանք վերածվում են կույտաանձրևային ամպերի, որոնք առաջացնում են ամպրոպային հորդառատ անձրևներ։ Միևնույն ժամանակ, ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա կարող է արևոտ եղանակ պահպանվել, քանի որ ոչ բոլոր կույտավոր ամպերն են վերածվում կույտաանձրևային ամպերի։
Ինչո՞ւ են նման ամպրոպները դժվար կանխատեսվում
Նման ամպրոպները տարածական առումով շատ տեղային և անկանոն բնույթ ունեն։ Հնարավոր չէ ճշգրիտ ասել․ «ժամը 15:00-ին տվյալ թաղամասում հորդառատ անձրև է լինելու»։ Կարելի է միայն գնահատել հավանականությունը և նշել, որ «ցերեկային ժամերին տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ»։
Հենց այս պատճառով էլ կանխատեսումներում հաճախ հանդիպում ենք որոշակի անորոշության։
Ինչպե՞ս հասկանալ, որ մոտենում է ներզանգվածային ամպրոպ
Նայեք երկնքին։ Ուշադրության օբյեկտն առանձին զարգացած կույտաանձրևային ամպերն են, որոնց վերին մասը հաճախ ստանում է հարթ, «զնդանի» տեսք։ Դրանք անշարժ են թվում կամ դանդաղորեն լողում են քամու հետ։
Եթե այդ «զնդանը» ծածկում է երկնքի մեծ մասը, մեծ հավանականությամբ մոտակա մեկ ժամվա ընթացքում կսկսվի հորդառատ անձրև և ամպրոպ։
Սակայն կա նաև դրական կողմ․ ներզանգվածային գործընթացների դեպքում վատ եղանակը սովորաբար երկար չի տևում։ Անձրևից հետո կրկին բացվում է արևը, և օդը տաքանում է։
Գլխավոր տարբերությունը ճակատային ամպրոպներից
Ներզանգվածային ամպրոպները սերտորեն կապված են ցերեկային տաքացման հետ․ դրանց ակտիվության գագաթնակետը սովորաբար դիտվում է ժամը 15:00–16:00-ի սահմաններում, իսկ երեկոյան դրանք արագորեն թուլանում և քայքայվում են։ Ճակատային ամպրոպները, ընդհակառակը, կապված չեն օրվա ժամի հետ, կարող են ընդգրկել ամբողջ մարզեր կամ շրջաններ և պահպանվել ժամերով։
Սակայն, չնայած իրենց տեղային բնույթին, ներզանգվածային ամպրոպները երբեմն կարող են լինել նույնքան ուժեղ և ավերիչ, որքան ճակատային ամպրոպները։










































