Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու Չինաստան կատարած այցի արդյունքում կողմերը հայտարարել են գործակցությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու մասին: Թբիլիսին ու Պեկինը հայտարարել են երկու երկրների միջև ռազմավարական գործակցություն հաստատելու մասին, որի վերաբերյալ համատեղ հայտարարությունը նշում է. «Կողմերը կամրապնդեն համակարգումը միջազգային խնդիրների լուծման գործում, կշարունակեն խորացնել երկկողմ միջպետական հարաբերությունները, համատեղ ապահովել խաղաղություն, կայունություն և զարգացում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում»: Այստեղ ուշադրության է արժանի հատկապես միջազգային խնդիրների լուծման գործում մոտեցումների և քայլերի համակարգման մասին շեշտադրումը, ու նաև խաղաղության և կայունության համատեղ ապահովման: Դա համենայն դեպս հիմք է տալիս դիտարկել, որ չին-վրացական ռազմավարական գործակցությունը որոշակի փուլում կարող է ենթադրել նաև ռազմական, ռազմա-տեխնիկական սերտ գործակցություն:
Այդպիսով, Չինաստանի ու Վրաստանի հարաբերության ռազմավարական բնույթը անկասկած նշանակելու է Չինաստանի դիրքերի ամրապնդում, կամ բավականին աշխույժ հայտ Կովկասում դերակատարման ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Վրաստանի համար այստեղ կան գուցե առավել մեծ ներքաղաքական մոտիվներ: Մասնավորապես, Թբիլիսին շարունակում է իր վրա զգալ արևմտյան ճնշումը՝ ուկրաինական պատերազմում այսպես ասած հավասարակշռված դիրքորոշման, նաև Ռուսաստանի հետ որոշակի կառուցողական փոխհարաբերության միտումների առնչությամբ: Սա անկասկած առավել զգալի է դառնալու Վրաստանի իշխանության համար 2024-ին սպասվող պառլամենտական ընտրություններին ընդառաջ:
Վրաստանը փնտրում է բալանս, և Չինաստանի հետ հարաբերության ռազմավարականացման քայլը աներկբա այդ փնտրտուքի դրսևորումներից մեկն է: Որքանով այն կաշխատի, իհարկե դեռ պետք է տեսնել, սակայն ձգտումն ու խորքային մոտիվը այդտեղ է: Պեկինի համար դա բնականաբար աշխարհաքաղաքական դերակատարության ընդլայնման հնարավորություն է, հատկապես Կովկասի առումով, որը Արևելք-Արևմուտք լոգիստիկ կարևոր հանգույցներից մեկն է և որում ազդեցության համար պայքարը ունի ռազմավարական նշանակություն, և այդ թվում Չինաստանի՝ Մեկ գոտի Մեկ ճանապարհ ծրագրի համատեքստում:
Վրացական ուղղությունն առաջիկայում ըստ ամենայնի դառնում է ռեգիոնալ ամենազգայուն կետը՝ այդ երկրում ընտրական գործընթացին մոտենալուն զուգահեռ: Սա ամենևին չի նշանակում, որ թուլանալու է զգայունությունը հայ-ադրբեջանական «կետում»: Ավելին, այստեղ կարող է առաջանալ «լրացուցիչ» մոտիվ՝ հայ-ադրբեջանական հակամարտությամբ ճնշում վրացական «կետի» նկատմամբ, այնտեղ կուտակվող աշխարհաքաղաքական շահերի միջև դիմակայության շրջանակում:










































