«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում սեպտեմբերի 10-ին մեկնարկում է կրթական երկու ծրագիր` «Օպ-արտ. Գույնի և ձևի փոխակերպումներ» (5-11 տարեկան երեխաների համար) և «Տպագրական արվեստի ներածություն» (12-32 տարեկանների համար): Կրթական ծրագրերը կգործեն «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում:
«Կրթական ծրագրերի նպատակն է. նպաստել Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, զարգացնել երեխաների ստեղծագործական միտքը, ինչպես նաև ներկայացնել տպագրությունն իբրև արվեստի տեսակ», – նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
«ԱրմենՏել» ընկերության և Գաֆէսճեան արվեստի կենտրոնի համատեղ ծրագրերն ուղղված են երեխաների և երիտասարդների մշակութային զարգացմանն ու գեղագիտական դաստիարակությանը: Ես ուրախ եմ, որ համատեղ ուժերով մենք ներդրում ենք անում աճող սերնդի մշակութային զարգացման գործում` հանուն Հայաստանի պայծառ ապագայիե, – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսը, որին ներկայացված է Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող 44 ստեղծագործություն, բացվում է սեպտեմբերի 10-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Արծիվ» սրահում: Սրահի մուտքն ամբողջ օրվա ընթացքում կլինի անվճար:
«Այս ցուցադրությամբ մենք հայ հանդիսատեսին ենք ներկայացնում համաշխարհային հռչակ ունեցող, օպ-արտի (օպտիկական արվեստի) հիմնադիր Վիկտոր Վազարելիին: Գաֆէսճեան արվեստի կենտրոնը շարունակում է ակտիվորեն ներկայացնել ժամանակակից արվեստն իր ողջ բազմազանությամբ» – նշեց Վ. Մարաբյանը:
Ինչպես հայտնեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի ղեկավար Վահագն Մարաբյանը, սեպտեմբերի 10-ին ցուցահանդեսի բացումը կզուգորդվի նաև «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառմամբ: Այս անգամ այն կբացահայտի օպ-արտն` իբրև ժամանակակից արվեստի յուրահատուկ դրսևորում: Միջոցառումը կներառի շրջայց ցուցասրահում, «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցադրությանը զուգահեռ անցկացվող կրթական ծրագրերի ներկայացում: Այնուհետև արվեստաբան Լիլիթ Սարգսյանը կներկայացնի օպ-արտ ուղղությունը:
20-րդ դարի արվեստի ակնառու ներկայացուցիչ Վիկտոր Վազարելին ծնվել է 1906թ. Հունգարիայի Պեչ քաղաքում: Մասնագիտական կրթությունը ստանալով նախ` Պոդոլինի-Վոլկման, ապա` «Մյուհելի» ակադեմիայում: 1930թ. Վազարելին տեղափոխվում է Փարիզ: Ուսումնասիրելով օպտիկական ազդեցության, գույն-ձև փոխհարաբերության հիմնախնդիրները ՝ Վազարելին զարգացնում է երկրաչափական աբստրակցիայի իր ոճը՝ հիմք դնելով արվեստի նոր ուղղության: 1965թ. Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում օպտիկական արվեստին նվիրված «Responsive Eye»(Զգայուն աչք) ցուցադրությունից հետո Վազարելին հռչակվում է օպ-արտի նախահայր:
Սահմանելով ձև-գույն միասնության սկզբունքը՝ Վազարելին ստեղծում է «գեղարվեստի այբուբենը», որի բաղկացուցիչ «հիմնատարրերը» գույնի և ձևի վերադասավորումների ու փոխակերպումների արդյունքում առաջացնում են հորինվածքների անսահմանափակ համակցություններ: Մշակելով «գեղարվեստի այբուբենը» որպես գեղարվեստի համամարդկային լեզու՝ Վիկտոր Վազարելին ձգտում էր արվեստը հասանելի դարձնել յուրաքանչյուրին` նպաստելով արվեստի և հասարակության ներդաշնակ զարգացմանը:










































