Իրանի նախագահի լրատվական կայքի հաղորդմամբ՝ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի մշակութային կցորդների հետ հանդիպման ընթացքում ասել է. «Ես Արևմուտքի դեմ ծավալված մշակութային պայքարին չեմ հավատում»։
Իրանի նախագահը նաև քննադատել է Իրանի կիբեր բանակի կազմավորումը. «Մենք չպետք է մշակութային աշխատանքներին ռազմական երանգավորում տանք: Մշակույթն առհասարակ աշխատում է մարդկային հարաբերություններից դուրս մղել ռազմական տրամադրությունները»:
Ահմադինեժադի հայտարարությունները հնչում են այն պարագայում, երբ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ամիսներ առաջ հանդիպելով Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի անդամներին, հայտարարել էր. «Հաղորդակցական միջոցների զարգացումով այսօր մշակութային պայքարը դարձել է բազմակողմանի և ընդարձակ»։
Նաև նշենք, որ Սիրիայում տեղի ունեցող ժողովրդական հուզումները ևս Իրանի նախագահի և առաջնորդի միջև ընթացող անուղղակի պայքարի միջոց են դարձել, երբ Իրանի առաջնորդը ուրբաթօրյա նամազի ընթացքում հայտարարել էր, թե Սիրիայի ընդդիմադիրները շեղված ու մոլորված են, մինչդեռ Իրանի նախագահը Լիբանանի Al Menar հեռուստաընկերության հետ հարցազրույցի ընթացքում Սիրիայի իշխանություններին հորդորել էր երկրում բարեկարգումներ իրականացնել և երկխոսության մեջ մտնել բողոքող ժողովրդի հետ:










































