Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում, պատասխանելով «Ազատության» հարցին՝ Բաքուն ՄԱԿ-ում ներկայացրել է պահանջ՝ Հայաստանը պետք է վերադարձնի «դեռևս օկուպացված 8 գյուղերը», Երևանն էլ ի պատասխան նշում է, որ Ադրբեջանն էլ իր հերթին է գյուղեր օկուպացրել, օրակարգում դրանց փոխանակման կամ վերադարձի հարց կա՞, արձագանքել է․ «Եթե Ադրբեջանը պատրաստ է ետ վերադարձնել, մենք պատրաստ ենք»: Մենք էլ ունենք օկուպացված գյուղեր, և գյուղը մենակ գյուղապետարանի շենքը չի, կամ, ենթադրենք, Բերքաբեր գյուղը, Վազաշեն, Այգեհովիտ, Պառավաքար, պատրա՞ստ է Ադրբեջանը վերադարձնել, /եթե պատրաստ է/, այո, մենք պատրաստ ենք: Բայց այստեղ ուրիշ հարց կա. ենթադրենք՝ Ադրբեջանի կամ՝ Հայաստանի զորքը կանգնած է այս գծի վրա,և պետք է այդ գծից հետ քաշվի, էդ սկզբունքորեն համաձայն ենք, բայց պիտի հետ քաշվի գնա որտե՞ղ կանգնի, էդ կանգնելու տեղը, էդ գիծը ո՞նց է որոշվում: Նշանակում է՝ այդտեղ կա սահման, եթե կա սահման, ուրեմն եկեք վերցնենք էդ սահմանը և ադրբեջանական զորք սահմանի գծից էս կողմ պետք է չլինի, հայկական զորք սահմանի գծից էն կողմ չպետք է լինի»,– ասել է նա։
Քարտեզագետ, աշխարհագրագետ Ռուբեն Գալիչյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ անկլավների մասին խոսք չի կարող լինել, որովհետև անկլավներն ապօրինի են տրված, և չկա որևէ փաստաթուղթ գետնի վրա, որ կարող է ազդեցություն ունենալ։
«Հիմա երբ Ադրբեջանը պահանջ է դնում, ասում՝ անկլավներն իմն են, թող փաստեր ներկայացնի, որ դրանք իրենն են։ Բայց դրանք Հայաստանինն են, քանի որ հենց այդ տարածքները Հայաստանի տարածքների մեջ են, և եթե ուրիշն այդ տարածների վրա պահանջատիրություն ունի, թող ներկայացնի փաստաթղթեր, թե ինչպես են դրանք իրեն ներկայացվել, որ տեսնենք»,-ասաց նա։
Բացի այդ, Գալիչյանի խոսքով՝ հատկապես Ադրբեջանի Սահմանադրության ակտի մեջ նշվում է, որ իրենք Ադրբեջանի Հանրապետության 1918-20 թվականի ժառանգն են, իսկ այդ ժամանակ անկլավներ գոյություն չունեին, դրանք ստեղծվեցին 1936-39թթ․, այսինքն՝ 16-19 տարի հետո, ուրեմն իրավունք չունի Ադրբեջանն անկլավ պահանջելու հենց ըստ իր սահմանադրության։ Ավելին, 1991թվականին Ադրբեջանը ճանաչել է մեր սահմանները, բայց հիմա առաջ է եկել, տարածք է գրավում։
«Նրանք որևէ փաստ չունեն, որ դա իրենցն է, պարզապես Խորհրդային Միությունը քարտեզներում գծել-տվել է նրանց, և սա Մոսկվայի որոշումն է եղել, և ոչ թե Հայաստանի, թե սա տալիս ենք Ադրբեջանին»,-հավելեց քարտեզագետը։
Գալիչյանը թերահավատ է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կյանքի կկոչվի։ Նրա խոսքով՝ այս գործընթացը չի կարող սկսվել այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանի զորք կա Հայաստանի սահմանին, իսկ եթե Արբեջանը չի վերադառնում իր 91թվականին սահմանիներին, և հիմա Հայաստանից հող է պահանջում, տիրացել է մեր հողերին, մեզ մնում է միայն ռազմական ուժով այն հետ բերենք։








































