Մեծ Բրիտանիայում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների տարեկան աճի տեմպերն ապրիլին հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճելով 15,7%-ով: Այս մասին հաղորդում է Sky News-ը՝ վկայակոչելով NielsenlQ վերլուծական ընկերության սպառողական գների ինդեքսը:
Նշվում է, որ պարենային ապրանքների գների աճն ամենամեծն է վերջին 45 տարվա ընթացքում։ Ամենից շատ բարձրացել են թարմ սննդամթերքի գները՝ 17,8%-ով, իսկ պահածոյացված սննդամթերքի գներն աճել են 12,9%-ով։
Ըստ BRC-NielsenIQ-ի ներկայացրած սպառողական գների ինդեքսի՝ սպառողական գներն ապրիլին 2022 թ.-ի համեմատությամբ աճել են 8,8 %-ով։ Մարտին այս ցուցանիշը եղել է 8,9 %, և նվազումը պայմանավորված է հագուստի և կահույքի խանութներում զեղչերով:
«Սննդամթերքի գները բարձր են մնում մատակարարումների ամբողջ շղթայում ծախսերի աճի կապակցությամբ: Արտադրության և փաթեթավորման ծախսերի մեծանալու դոմինոյի սկզբունքը հանգեցրել է պատրաստի կերակուրների գների աճի, իսկ սուրճի արժեքը բարձրացել է հատիկավոր սուրճի գների աճի և դրա հիմնական արտադրող երկրների կողմից մատակարարումների կրճատման պատճառով», – Sky News-ին հայտնել է Բրիտանական մանրածախ առևտրի ձեռնարկությունների կոնսորցիումի (BRC) գլխավոր տնօրեն Հելեն Դիքինսոնը։
Ինչպես Sky News-ին հայտնել է NielsenlQ-ի մանրածախ առևտրի և բիզնեսի վերլուծության բաժնի ղեկավար Մայք Ուոթքինսը, բազմաթիվ հատվածներում վաճառքները շարունակում են անկում արձանագրել նույնիսկ այն դեպքում, երբ խանութները սահմանում են հավատարիմ հաճախորդների ծրագրեր և զեղչերի ավելացում:
«Քանի որ գնաճի բարձրակետը դեռ չի անցել, և շատ հատվածներում վաճառքի ծավալները շարունակում են նվազել, բավականին դժվար է հաշվարկել սպառողական վստահության մեծությունը», – հավելել է նա։







































