Հայաստանում սեպտեմբեր ամսից 25 ուսումնական հաստատություններում ուսումնասիրում են պարսկերեն, վրացերեն, թուրքերեն և ադրբեջաներեն:
Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանն իր ելույթում:
«Տարածաշրջանային լեզուների ուսուցման շրջանակներում, որը կառավարության ծրագրով նախատեսված թիրախ էր, նախորդ տարվա սեպտեմբերից, այսինքն՝ այս ուսումնական տարուց 25 ուսումնական հաստատություններում ուսումնասիրում են պարսկերեն, վրացերեն, թուրքերն և ադրբեջաներեն»,-ասաց Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ նախնական ուսումնասիրություն էին արել դպրոցների շրջանում՝ պարզելու հետաքրքրությունը: Եվ շուրջ 400 դպրոցներ ցանկություն են հայտնել իրենց մոտ ունենալ տարածաշրջանային որևէ լեզվի ուսուցում, ընդ որում հիմնական հետաքրքրությունը թուրքերենի ուղղությամբ էր:
«Իհարկե այդ ծավալը չկարողացանք ապահովել, որովհետև կադրերի լուրջ խնդիր ունենք, և ժամանակ է պետք»,-նշեց նախարարը: