Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Սլովակիայի ընտրանու նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո նշել է, որ հպարտանում է իր սաներով:
«Մենք հաղթանակի համար էինք եկել Ժիլինա, բայց նման հաջողության ես չէի սպասում: Սլովակները հայտնի են իրենց կազմակերպված խաղով ու հուսալի պաշտպանությամբ, բայց իմ տղաները հրաշալի խաղացին: Ես հպարտանում եմ նրանցով: Գիտեմ, որ մենք իրական հնարավորություն ունենք երկրորդ տեղը զբաղեցնելու, բայց ես այդքան հեռուն չեմ նայում: Սկզբում Սլովակիայի հետ հանդիպումը կվերլուծենք, ապա կպատրաստվենք Մակեդոնիայի հետ խաղին»,- Մինասյանի խոսքերն է մեջբերում sport.sk-ն: