Վրաստանի Արդարադատության բարձրագույն խորհրդի չորս անդամների դեմ ԱՄՆ պատժամիջոցները կվնասեն երկու երկրների բարեկամական հարաբերություններին, եթե ամերիկյան կողմը չտրամադրի կոռուպցիայի ապացույցներ։
Ինչպես տեղեկանում Է ТАСС գործակալությունից, այդ մասին ասված է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հղած նամակում։ «Միանգամայն անհասկանալի և անընդունելի է դատավորների նկատմամբ պատժամիջոցների մասին ԱՄՆ պետքարտուղարության որոշումը, որը հրապարակվել է առանց որևէ ապացույց ներկայացնելու։ Հուսով ենք, որ պետքարտուղարությունը կներկայացնի համապատասխան ապացույցներ կամ կվերանայի իր որոշումը։ Հակառակ դեպքում Վրաստանի պետության և ժողովրդի կողմից դա կընկալվի որպես ճնշում ինքնիշխան պետության անկախ դատարանի վրա և կոպիտ միջամտություն նրա գործունեությանը, ինչը կվնասի Վրաստանի և ԱՄՆ-ի բազմամյա բարեկամական հարաբերություններին», – ասված Է Վրաստանի ԱԳՆ կայքում հրապարակված նամակում: