Վերջին օրերին տեսակետներ են հնչում, որ ադրբեջանական մեդիան լիարժեք պատրաստում է հասարակությունը Հայաստանի և Արցախի դեմ նոր հարձակման։ Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ մարտի 5-ից սկսած, երբ ոստիկանները սպանվեցին Արցախում, դրանից հետո ադրբեջանական քարոզչադաշտն առավոտից երեկո քարոզում է, որ Արցախում պետք է գնալ գործողությունների։
«Տարբեր անուններով են դրանք կոչում՝ մեր վերջին գործողությունը կամ հակաահաբեկչական գործողությունը պետք է ավարտել։ Ընդ որում՝ պետք է հիշեցնեմ, որ ժամանակին այդպես էին անվանում նաև Փառուխի դեպքերը և այլ գործողություններ, և դրան զուգահեռ նաև Հայաստանի դեմ տարվող քարոզչությունն է նաև սրվել։ Հենց օրեր առաջ Ադրբեջանի նախագահի օգնականը՝ Հիքմեթ Հաջիևը, իր հարցազրույցում հստակ տարածքային հավակնություններով հանդես եկավ, ընդ որում՝ խոսեց «անկլավներից», բայց դա բավարար չէր, նաև մեր երկիրը անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Ես կարծում եմ՝ ավելի վառ ապացույց իրենց մտադրությունների մասին, դժվար է գտնել, որովհետև նույն գործելաոճն է, նույնիսկ ընտրված բառերը, Ալիևը նման արտահայտություն էր արել, որ մինչև Արցախի պատերազմը մենք չէինք համարձակվի խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին, իսկ հիմա մենք կարող ենք դրա մասին խոսել։ Կամ այսպիսի արտահայտություն է անում՝ ով կմտածեր, որ մեզ կմեղադրեին հայկական հողերի օկուպացիայի համար, տեսեք՝ ուր ենք հասել»,-ասաց Հայրապետյանը։
Անդրադառնալով շաբաթ օրը՝ մարտի 11-ին, Ադրբեջանի ՊՆ ծառայողական խորհրդակցության ժամանակ Զաքիր Հասանովի արտահայտություններին, ըստ որոնց՝ Ադրբեջանի բանակը պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի տարածաշրջանում իրադրությունն արհեստականորեն սրել փորձող Հայաստանից եկող հնարավոր սպառնալիքների դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դիմի համարժեք պատասխան քայլերի, Հայրապետյանը նշեց, որ այսպիսի հայտարարություններ վերջինս արել է անցյալ տարվա սեպտեմբերյան ագրեսիայի նախօրեին կամ անցած տարի օգոստոսին Բերձորի միջանցքում գործողությունների ձեռնարկելու նախօրեին, նույն հռետորաբանությունն է։
«Իմ դիտարկմամբ՝ Ադրբեջանը դեռևս գործողությունների չի գնացել միգուցե երկու հիմնական պատճառներով․ մեկը՝ կիրակի օրը Կովսականի միջադեպը, որի արդյունքում իրենք հայտարարություն են տարածել, թե Իրանը ռազմական թռիչքներ է իրականացրել, մյուսը՝ ամերիկացի համանախագահը նորից հետ վերադարձավ Բաքու և կրկին հանդիպումներ ունեցավ, միգուցե ազդակներ է ստացել Երևանում հնարավոր արգեսիայի մասին, և բացի մի շարք առաջակներից, որ վստահ եմ, փոխանցել են, նաև դրա հետ կապված են խոսակցություններև ունեցել, որ ագրեսիան միայն խնդիրներ է առաջացնելու։ Ենթադրում եմ՝ այս երկու իրադարձություններն են պատճառը, որ Ադրբեջանը դեռևս գործողությունների չի գնացել, բայց Ադրբեջանը միանշանակ պատրաստվում է դրան։ Հույս ունենանք, որ այդ զսպաշապիկը կլինի, և նաև կարևոր է, որ Հայաստանը բարձրաձայնի, խոսի դրա մասին։ Ի վերջո, վարչապետը և մյուսները, բացի տեղեկատվական աղբյուրներից, նաև օպերատիվ տվյալներ են ստանում հնարավոր կուտակումների, վարժանքների, տեխնիկայի տեղաշարժի հետ կապված, և նաև հստակ կարող են լինել իրենց գնահատականներում միջազգային հանրույթի հետ խոսակցություններում, և դա է, որ կարող է զսպել Ադրբեջանին»,-հավելեց նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասուլիսին նշել է, որ ռազմական էսկալացիայի հավանականությունը մեծ է թե Հայաստանի, թե Արցախի սահմաններով։ Տաթևիկ Հայրապետյանի կարծիքով՝ նման հայտարարությունը վարչապետը կառուցել է տարբեր գերատեսչություններից ստացած զեկույցների հիման վրա, և եթե այդ արձանագրումն արվում է, ուրեմն պետք է արվեն քայլեր դրանք կանխելու ուղղությամբ, բազմաթիվ կողմեր՝ Ռուսաստան, Արևմուտք, Վաշինգտոն, Բրյուսել, Թեհրան, միջնորդական առաքելություն են առաջարկում, և սա հենց այն պահն է, որ պետք է զանգել, ներկայացնել տվյալներ, և այդ տվյալների հիման վրա փորձել կանխել հնարավոր ագրեսիան թե Լեռնային Ղարաբաղի և թե Հայաստանի ուղղությամբ։
Լուսանկարը՝ Photolure-ի









































