Մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն, որոնց մասնակցելու են մինչև 3 հազար 281 քաղաքացի, 2 հազար 897-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով, յուրաքանչյուրը ոչ ավելի, քան 25 օրով՝ նախկին եռամսյա ձևաչափի փոխարեն: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ պահեստազորում գտնվող ՀՀ քաղաքացին ինքն ընտրում է տարվա մեջ ժամկետը, երբ ինքը կարող է այդ 25 օրը տրամադրել ՀՀ սահմանները պաշտպանելուն։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, սակայն, շարունակում է ստանալ ահազանգեր պահեստազորում հաշվառված ՀՀ քաղաքացիներից՝ գործընթացի կազմակերպման և իրականացման թերությունների մասին։ Վերջիններս ահազանգում են, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում քաղաքացիներին տրամադրում են ծանուցագրեր վարժական հավաքների մեկնելու մասին՝ առանց անհրաժեշտ և պարտադիր բժշկական զննությունների ենթարկելու։
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ծանուցագրեր ստացած բոլոր քաղաքացիները, նախքան վարժական հավաքին ներգրավելը, անցնում են բժշկական զննություն:
Երբ քաղաքացին ծանուցագիր է ստանում և պնդում է, որ չունի առողջության հետ կապված որևէ գանգատ, այլևս չեն ուղարկում մանրամասն զննումների, անցնում է զինկոմի հանձնաժողովի բուժզննություն, և առանց բժշկական հանձնաժողովի զննության՝ նա չի ներգրավվում վարժական հավաքներին։
Իսկ ահա պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող Նազելի Մովսեսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հենց նախօրեին իրենց դիմել է մի երիտասարդ և պատմել, որ իրեն կանչել են զինկոմիսարիատ, տվել են ծանուցագիրը և ուղարկել ընդամենը 2 բուժզննության, մինչդեռ կա պարտադիր բուժզննություն անցնելու ցանկ՝ թվով 7-8 հատ. «Քաղաքացիներին այդ պարտադիր բուժզննությունները չեն արել, չնայած այն հանգամանքին, որ քաղաքացին ներկայացրել է, որ ունի գանգատներ: Իրեն ասում են՝ գնա, քո միջոցներով հետազոտություններն անցի, թղթերը բեր մեզ տուր, եթե տեսնենք՝ ինչ-որ խնդիր կա, կհետազոտենք: Բայց այդպես չպետք է լինի, իրենք պետք է պարտադիր բուժզննությունների ուղարկեն քաղաքացիներին: Հատկապես եթե կա գանգատ, չպետք է ասեն՝ գնա, քո միջոցներով բուժզննություն անցի, որովհետև շատերը ֆինանսական հնարավորություններ չունեն դրա համար: Զինկոմիսարիատները պարտավոր են նրանց պատշաճ ձևով ուղեգրերով ուղարկել բուժզննությունների»,-ասաց նա:
Նազելի Մովսեսյանը նկատեց, որ զինկոմիսարիատներն ուղեգրում են պոլիկլինիկաներ, սակայն կան հետազոտություններ, որոնց համար պոլիկլինիկան սարքավորումներ չունի, այդ դեպքում պետք է համապատասխան կլինիկաներ ուղարկեն, որը վճարովի է քաղաքացու համար. «Կոնկրետ մեզ դիմած քաղաքացին թոքերի հետ կապված խնդիր ուներ և իրեն չէին ուղեգրել: Ասել էին՝ եթե խնդիր ունես, գնա ուսումնասիրություններ անցի, թղթերը բեր, մենք կնայենք:
Նաև այլ խնդիր կա, երբ անձը գնում է այլ գործով, օրինակ, անձնագիր պետք է փոխի, իրեն ուղարկում են զինկոմիսարիատ՝ համապատասխան փաստաթուղթ բերելու, զինկոմիսարիատում անմիջապես ծանուցագիր են տալիս վարժական հավաքների մեկնելու համար: Այստեղ էլ չկա հստակ մոտեցում, թե հստակ ում են կանչում: Եթե մարդը չգնար զինկոմիսարիատ, գուցե իրեն չկանչեին էլ, վարժական հավաքների մասին չծանուցեին»,-ասաց նա:










































