«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը։
-Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև միջազգային հարթակներում համագործակցությունը։ Ինչպե՞ս եք գնահատում ադրբեջանա-ուկրաինական հարաբերություններն այս փուլում, ինչու՞ է Բաքվին հաջողվում խաղալ երկու լարի վրա։
–Ադրբեջանին հաջողվում է դա անել, որովհետև նա «խաղում է», Հայաստանն այս գործընթացների մեջ, ցավոք սրտի, չկա։ Սա ունի խորը արմատներ։ Երկար տարիներ ՀՀ իշխանությունները վարել են գրեթե միաբևեռ քաղաքականություն, որը հանգեցրել էր այն իրավիճակին, որ աշխարհում Հայաստանը միայն Ռուսաստանի հետ միասին էր ընկալվում։ Վերջերս տեսնում ենք քայլեր, որոնք որոշակիորեն հուսադրող են, ցույց են տալիս, որ Հայաստանը նաև արևմտյան վեկտորի վրա է աշխատում։ Մասնավորապես Հայաստանը Թուրքիա մարդասիրական օգնություն ու փրկարարական ջոկատ ուղարկեց։ Այս ամենը չէր կարող անտեսվել արևմուտքի կողմից։ Մենք տեսանք շատ լավ արձագանքներ։Ես ձեզ ասեմ՝ Հայաստանը շատ ավելի լավ արձագանքներ կստանա, եթե վերջիվերջո սկսի աշխատել ուկրաինական ուղղությամբ ՝թե՛ հումանիտար օգնության հետ կապված և թե՛ պարզապես պատերազմին ադեկվատ քաղաքական գնահատական տալով։ Մոտենում է պատերազմի մեկ տարին, բայց Երևանից չկան պատերազմը բնութագրող գնահատականներ՝ չնայած որ Ուկրաինայում ապրում է աշխարհի ամենակազմակերպված համայնքներից մեկը՝ գրեթե կես միլիոնանոց, մարդիկ պաշտպանում են իրենց երկիրը, ստանում բարձր պարգևներ։ Այնպես որ Հայաստանը կարող է միանալ նաև այս թեմային, ինչը Հայաստանին կբերի միայն մեծ հարգանք ու ավելի լավ վերաբերմունք՝ սուբյեկտային քաղաքականություն վարելու համար։
-Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպված է աչք փակել նման բաների վրա. «Մեր երկիրը կդադարեն հարգել, Եթե Մոսկվան չարձագանքի հարևան պետությունների կողմից Ուկրաինային աջակցելուն»,- հավելել է նա։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։ Ինչու՞ է Մոսկվան ներում Ադրբեջանին, բայց Հայաստանի ամեն մի մանր քայլ թշնամական դիտարկում։
–Անկեղծ ասած չէի ցանկանա մեկնաբանել քաղաքական կաչաղակների ցնցումները։ Այդ մարդիկ վաղուց այլևս «նյուզմեյքեր» չեն, ընդհանրապես այդ երկրից այլևս չկան «նյուզմեյքերներ», որովհետև բացի ստից, սուտ հոխորտանքներից ոչինչ չեն կարող ասել։ Ինձ թվում է, որ ուկրաինական բանակը ցույց տվեց, որ ռուսական բոլոր ամբիցիաները փուջ են, այնպես որ՝ կարող եք ընդհանրապես ուշադրություն չդարձնել, թե առհասարակ ինչ է ասում այդպիսի մակարդակի պաշտոնյան։ Անկեղծ ասած՝ ընդհանրապես խորհուրդ չէի տա լսել, դա կարևոր չէ ու ոչ միայն Հայաստանի համար։ Ինձ թվում է՝ ինքն էլ է հասկանում, որ ինքը ոչինչ չի փոխում։ Ռուսական հոխորտանքներից վախեր այլևս չկան։ Իրենց մնացել է միայն հոխորտալը, դրանք որևէ հետևանք ունենալ չեն կարող։
– Լուկաշենկոն հայտարարել էր, որ ժամանակն է, որ ՀԱՊԿ անդամ երկրները կողմնորոշվեն ռուս-ուկրաինական հարցում։ Սա միայն Բելառուսի՞, թե՞ նաև Ռուսաստանի ցանկությունն է, հնարավո՞ր է Երևանից գոնե քաղաքական աջակցություն փորձեն ստանալ։
–Գրեթե նույնը կասեի Լուկաշենկոյի հետ կապված, որովհետև այս ինքնահռչակ նախագահը, որն աշխարհի կողմից չճանաչված է, փորձում է փրկել իր քաղաքական կարիերան կամ ֆիզիկապես իր անձի կյանքը։ Նա դարձել է Պուտինի ռեժիմին, ցեղասպանական պատերազմին հանցակից։ Իմանալով հանդերձ, որ իր վրա մեծ ճնշում կա, նա փորձում է այդ ճնշումը բաշխել նաև մնացած պետությունների վրա, որոնք ցավոք սրտի, դեռ գտնվում են ՀԱՊԿ-ի կազմում։ Նույն ձև պետք է վերաբերել նաև Լուկաշենկոյի հայտարարություններին։ Նրանց մնացել է ինչ-որ բաներ հայտարարելը միայն, իրադարձությունների վրա այլ ազդեցություն ունենալ չեն կարող։Մնում է՝ հայտարարել, ինչ-որ բան ասել իրենց գոյությունն արադարացնելու համար մեսիջներ ուղարկել, բայց սա արդեն ապարդյուն է։ Արդեն որոշված է ՝ ինչ է լինելու այս պատերազմի վերջը։Սա նշանակում է, որ աշխարհաքաղաքականությունը լիովին փոխվում է և պետք է դիտարկենք, որ Հայաստանը նույնպես որոշակի քայլերով սկսում է շարժվել իր բնական ուղղությամբ, դեպի իր՝ քրիստոնեական, արևմտյան քաղաքակրթություն։ Այս պահին Հայաստանին պակասում է միայն ուկրաինական վեկտորը, որն, ինձ թվում է, ավելի շատ կապված է սուբյեկտիվ գործոնների հետ՝ որոշակի քաղաքական թիմի անդամների աննախաձեռնողական պահվածքի հետ կապված։ Դա վերաբերվում է թե՛ դեսպանատանը, թե՛ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակին, որոնք կարող էին էլ ավելի ակտիվ աշխատանք տանել և ի վերջո Հայաստանին տալ այն տվյալները, որն իրականում կա։ Ուկրաինայում պատերազմ է, Ուկրաինայի հայ համայնքը՝ որպես Ուկրաինայի հասարակության մի մաս, պատվով մարտնչում է թշնամու դեմ։ Սակայն Ուկարիանյի հայ համայնքը մեկ տարվա մեջ Հայաստանից չի ստացել ոչ մի մեսիջ, որ իր պատմական հայրենիքը սատարում է իրեն։ Մենք սպասում ենք դրան։ Հենց այդպիսի հայտարարություններ լինեն Հայաստանից, դուք կտեսնեք, թե ինչպես կփոխվի նաև աշխարհի վերաբերմունքը Հայաստանի հանդեպ։ Եթե Թուրքիային հումանիտար օգնության փոքր քայլերը ցույց են տալիս, թե աշխարհն ինչքան էր սպասում Հայաստանի ինքնուրույն քայլերին, ապա ուկրաինական ուղղությամբ քայլերը հեղափոխական նշանակություն կունենան աշխարհի կողմից Հայաստանի ընկալման համար։ Այնպես որ մենք բոլորս սպասում ենք մեր հայրենիքի ավելի ակտիվ քայլերին, որն առաջին հերթին օգնելու է հենց Հայաստանին։ Այս պահին համայնքը կարող է այդպիսի հայտարարությունների կամ քայլերի պատճառ դառնալ, բայց մենք ուրախ կլինենք, որ այդ քայլերն ավելի շատ հենց Հայաստանին օգտակար լինեն։ Այժմ ամբողջ աշխարհը, բոլոր պետություններն ընկալում է ուկրաինական պատերազմի պրիզմայով և եթե Հայաստանը կանգնի ճիշտ կողմում, աշխարհի ընկալումը շատ ավելի լավ կլինի և Հայաստանի համար քաղաքական խնդիրները շատ ավելի հեշտ կլինի լուծել։






































