
2023 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափը նվազել է ևս մեկ տոկոսով ու դարձել 20 տոկոս։ Եկամտային հարկը 2022-ի հունվարից արդեն իսկ 22%-ից նվազել ու դարձել էր 21%։ Այս առնչությամբ, tvyal.com կազմակերպության ղեկավար, ՀՊՏՀ դոցենտ տնտեսագետ Աղասի Թավադյանն «Առաջին լրատվկան»-ի հետ զրույցում նշեց. «Ընդհանուր առմամբ, եկամտային հարկի իջեցման նպատակն այն է, որ համահարթեցվեն բոլորի կողմից ստացվող եկամտային հարկերը: Մինչև 2020 թվականը քաղաքացիների կողմից վճարվող եկամտային հարկերի դրույքաչափերը տարբեր էին՝ ըստ եկամտի չափի: Նախատեսված էր, որ 2020-2023 թվականների ընթացքում եկամտային հարկը 23 տոկոսից պետք է իջեցվի 20 տոկոսի: Իհարկե, եկամտային հարկն իջեցվեց, սակայն համարժեքորեն բարձրացվեցին սոցիալական վճարումները: Այսինքն ամեն տարի մեկ տոկոսով իջեցվում էր եկամտային հարկը բոլորի համար, սակայն սոցիալական վճարները բարձրացվում էին ևս մեկ տոկոսով: Սա նշանակում է, որ ըստ էության, ՀՀ քաղաքացիների եկամուտները չեն ավելացել: Այսինքն, այն, ինչ խոստանում էր իշխանությունը եկամտային հարկի նվազեցմամբ, իրականում չիրականացրեց: Այստեղ որոշակի փոփոխություններ եղան հարկային մուտքերի տեսանկյունից, որովհետև աշխատավարձից ավելի քիչ մասն է գնում բյուջե, իսկ ավելի մեծ մասը գնում է դեպի սոցվճարումներ: Այստեղ պետք է հաշվի առնենք, որ ոչ բոլորն են համարժեքորեն վճարում հարկերը: Առաջ մինչև այս օրենքի ներդրումը այն մարդիկ, որոնք բարձր աշխատավարձ էին ստանում, ավելի քիչ հարկ էին վճարում: Հիմա, ճիշտ է, բոլորը նույն չափով հարկ են վճարում, սակայն այն մարդիկ, որոնց աշխատավարձը գերազանցում են նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, նրանց սոցիալական վճարների մի մասը վերադարձվում է և այստեղ նորից անարդարություն կա»:
Տնտեսագետի խոսքով, եկամտային հարկի նվազումը ունի և դրական կողմեր, և բացասական. «Դրականն այն է, որ այս գործոնը, որ ընդհանուր գործողությունների փաթեթի մեջ օգնեց ստվերի կրճատմանը և օգնեց ինչ-որ չափով հարկային եկամուտները բարձրացնել: Բացասականը այն է, որ թեև այն միտված էր եկամտային հարկի կրճատմանը, սակայն դե ֆակտո ՀՀ քաղաքացիների հարկային պարտավորությունները չեն իջել: ՀՀ քաղաքացիները չեն տեսել մաքուր եկամտի բարձրացում: Բացասականն այն է, որ թեև սա ուղղված է հարկերի համահարթեցմանը, սակայն տեսնում ենք, որ այն մարդիկ, որոնք ստանում են նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով եկամուտ, իրենք իրենց սոցվճարումների մի մասը վերադարձվում է: Այսինքն այնքան էլ ճիշտ չէ, թե եկամտային հարկը համահարթեցվել է»,-ընդգծեց Թավադյանը:
Նա անդրադարձավ նաև անկանխիկ գործառնությունների տարածմանը՝ նշելով. «Ամբողջ աշխարհը գնում է դեպի անկանխիկ գործառույթներ: Դա հատկապես դրական է բանկային համակարգի համար, որովհետև բանկային համակարգն ավելի արդյունավետ է աշխատում և ավելի շատ է արժեք ստեղծում: Արդեն կան պետություններ, որոնք 2018-ից կանխիկ գրեթե չունեն, շատ քիչ է կանխիկ օգտագործվում: Օրինակ, Շվեդիան, որտեղ ընդհանրապես չես կարող վճարել կանխիկով: Դա նաև կրճատում է ստվերը: Կամաց-կամա մենք դրան գնալու ենք: Դա համաշխարհային միտում է, բայց դրան զուգահեռ պետք է հասկանալ, որ դեպի դրան շարժվելը պետք է մտածված լինի և անմիտ գիտափորձեր պետք չի անել մեր երկրի գործարարների վրա, հստակեցնել խաղի կանոնները և տարին մի քանի անգամ չփոփոխել»: