
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնազրույցը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանն իր խոսքում նշել է, որ տվյալ պահին ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում.«Գիտեք, արդեն գրեթե 20 օր է Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան»,-մասնավորապես նշել է ՀՀ վարչապետը։
Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝ իրավիճակը բավականին բարդ է, և այնպես չէ, որ սեղանին կան դրված լուծումներ ու դրանք չեն կատարվում. «Սա հետևանք է պատերազմի արդյունքներին։ Պատերազմից հետո հասկանալի էր, որ անկախ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունից, անկախ նրանից, թե Ռուսաստանն ինչ իրավիճակում է գտնվում, Լաչինի միջանցքի կոնֆիգուրացիան շատ խոցելի էր։ Մենք գիտենք, որ Լաչինի միջանցքը բավականին նեղ էր, նախկինում բանակցությունների ընթացքում ավելի լայն միջանցքի տարբերակներ էին քննարկվում…բայց միջանցքը հիմա նեղ է, վերահսկվում է Ադրբեջանի կողմից ու հասկանալի էր, որ դա լինելու է ինչ-որ լծակ, որն օգտագործվելու է Ադրբեջանի կողմից։ Ուկրաինական իրավիճակի հետևանքով իրենք սկսեցին օգտագործել այդ հնարավորությունը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Ըստ Հարությունովի՝ երկրորդ գործոնը, որի հետևանքով նման իրավիճակ է ստեղծվել, ռուս խաղաղապահ առաքելության համակարգային խնդիրներն են, որ ի սկզբանե եղել են.«Սա կապված է այն բանի հետ, որ իրենց քանակը փոքր է եղել, հնարավորությունները՝ ևս։ Իրենց Էֆեկտիվությունն ավելի շատ կապված է եղել Ռուսաստանի գլոբալ ազդեցության, քան հենց բուն խաղաղապահ առաքելության էֆեկտիվության ու հնարավորությունների հետ։ Այն պայմաններում, երբ Ռուսաստանի գլոբալ պոտենցիալը, ներուժը հարվածի տակ է՝թե՛ Ուկրաինայում և թե՛ պատժամիջոցների արդյունքում, հասկանալի է, որ Ադրբեջանը դրանից օգտվելու էր»։
Մեր զրուցակիցը համարում է, որ այս իրավիճակը մեկուսացված չէ միայն Ռուսաստան-Ադրբեջան խնդիրներով, այլ նաև կապված է ավելի լայն կոնտեքստի՝ Թուրքիա-Ռուսաստան մրցակցության հետ.«Հենց հիմա այդ մրցակցությունը բավականին ակտիվ է մասնավորապես Սիրիայում, թե նաև կան խնդիրներ գազի խնդիրների հետ կապված։Թուրքիան արդեն մեկ անգամ չէ, որ կիրառում է այդ մարտավարությունը, երբ Ռուսաստանի ազդեցության մեկ այլ գոտում ճնշում է գործադրում։ Ես չեմ բացառում, որ այստեղ այդ կապն էլ կա։ Այս բոլոր գործոններն իրար հետ վերցրած, կարող ենք նշել, որ Ռուսաստանի համար հիմա բավականին բարդ կլիներ հակադարձելը։ Եվ պատճառներից մեկը, թե ինչու է Ադրբեջանն այդ ամենն անում, այն է, որ նա շատ լավ հասկանում է»։
Հարությունովի խոսքերով՝ Ռուսաստանը մինիմալ հնարավորություններ ունի Ադրբեջանին ճնշելու համար.«Բացի այն, որ ընդհանուր իրավիճակն է վատ, Ադրբեջանի գինը Ռուսաստանի համար բավականին մեծ է։ Ադրբեջանը կարևոր տրանզիտային հանգույց է Իրանի հետ, իսկ Իրանը պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանի համար մեծ նշանակություն ունի։Այս պայմաններում իրենք քաղաքական-տնտեսական ճնշում չեն կարող կիրառել, իսկ ռազմական ճնշումը խնդրահարույց էր դեռ մինչև ուկրաինական կոնֆլիկտը, որովհետև այնտեղ Թուրքիայի գործոնը կար։ Եթե Ռուսաստանը շատ ակտիվ ռազմական ճնշումներ բանեցնի, դա կառաջացնի կոնֆլիկտ Թուրքիայի հետ, որը բնական է, որ կաջակցի Ադրբեջանին։ Բացի այդ՝ ուկրաինական համատեքստի պայմաններում, բնական է, որ Ռուսաստանի հիմնական ներուժն Ուկրաինայում է կենտրոնացած։ Դրա համար այս պայմաններում Ռուսաստանը մարտավարություն է կիրառում, որ փորձում է բանակցությունների միջոցով իրավիճակը հարթել, հնարավորինս խուսափում են խնդիրների բացահայտ ձևակերպումից»։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Հայաստանում շատ է հնչում տեսակետը, թե ինչու Ռուսաստանի կողմից արձագանք չկա, բայց, ըստ նրա, եթե Ռուսաստանը բացահայտ կերպով արձագանքի, միևնույնն է՝ ռեսուրս չի ունենալու իրավիճակ փոխել.«Իրականում թե՛ Երևանը, թե՛Ստեփանակերտը և թե՛ Մոսկվան հստակ լուծում չունեն։ Եվ նույնիսկ եթե հիմա այս իրավիճակն ինչ-որ ձևով լուծվի, ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ադրբեջանը նորից միջանցքը փակելու գործիքը չի կիրառի ապագայում։ Հասկանալի է, որ իրենց ռազմավարական խնդիրն այն է, որ Արցախի հայկական բնակչությունը լքի այդ տարածքը։ Պարզ է, որ այդ տեսակետից Լաչինի միջանցքը կարևոր գործիք է, որն իրենք, ցավոք սրտի, կիրառելու են»,-եզրափակեց նա։