«Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը տարեվերջյան ամփոփիչ հարցազրույց է տվել ակումբի մամուլի ծառայությանը: Հարցազրույցի ընթացքում ֆուտբոլային ֆունկցիոներն ակումբի անունից պաշտոնապես հայտարարել է ՀՖՖ ղեկավարությանը անվստահության քվե հայտնելու մասին:
Այս մասին Սողոմոնյանը ասել է հայկական ֆուտբոլի ներուժի և ՀՖՖ ներկայիս ղեկավարության՝ այդ ներուժը ռեալիզացնելուն ունակ լինելու մասին խոսելիս:
«Ես պատրաստ եմ պատասխանատվություն վերցնել և հայտարարել, որ մենք աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու իրական շանսեր կարող ենք ունենալ առաջիկա վեց տարվա ընթացքում։ Իհարկե, շատ աշխատանք կա անելու, և անհրաժեշտ է հենց հիմա, հենց այս պահից սկսել։ Առաջին բանը, իհարկե, պետք է փոխել ՀՖՖ գործող, ոչ կոմպետենտ ղեկավարությանը։ Այդ պատճառով «Փյունիկ ՖԱ»-ի անունից ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ մենք անվստահության քվե ենք հայտնում ֆեդերացիայի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանին և պահանջում ենք նրա հրաժարականը: Կոչ ենք անում ֆեդերացիայի բոլոր անդամներին միանալ մեզ: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք միավորվել հանուն մեր ֆուտբոլի ապագայի և վերջապես ընտրել փորձառու, պրոֆեսիոնալ կառավարիչներ, ովքեր կօգնեն մեր ֆուտբոլին շարժվել առաջ, ոչ թե ունենալ հետընթաց», — ասել է Սողոմոնյանը:







































