Աշխարհի ծխախոտ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը փորձում է տեղեկություններ ստանալ բրիտանացի դեռահասների մասին: Այս մասին հայտնում է բրիտանական Independent-ը:
Թերթը նշում է, որ Philip Morris International ընկերությունը փորձում է ստիպել Սթիրլինգի համալսարանին հրապարակել 11-16 տարեկան դեռահասների շրջանում անցկացված հարցումների արդյունքերը, որոնք վերաբերում են ծխելու և ծխախոտի տուփերի դիզայնի հանդեպ պատանիների վերաբերմունքին:
Հոդվածում նշվում է, որ հետազոտությունն իրականացրած մասնագետներից մեկին անընդհատ զանգահարել են և վիրավորել: Ըստ գիտնականի, նրան զանգահարել են ծխախոտ արտադրող ընկերություններից, սակայն դրա մասին վկայող որևէ ապացույց նա չունի:
Philip Morris International-ը բազմիցս խնդրել է համալսարանին իրեն տրամադրել հետազոտությունների արդյունքերը, սակայն համալսարանը պնդում է, որ այդ դեպքում կհրապարակվեն անձնական տեղեկություններ և ընկերության պահանջը ոչ մի կերպ չի տեղավորվում խոսքի և ինֆորմացիայի ազատության մասին երկրում գործող օրենսդրությանը:









































