Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որում նա նշել է, որ Ադրբեջանի ապակառուցողական ու բացասական դիրքորոշման պատճառով չի հաջողվել առաջընթաց գրանցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում։
Այս կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը հայտարարել է. «Մենք կասկածում ենք հայկական դիվանագիտության անկեղծության մեջ, որին «անհրաժեշտ է դադարեցնել» միջազգային ու իր հանրությանը մոլորեցնելու աշխատանքները։ Անհրաժեշտ է անցնել հստակ գործողությունների ու զբաղվել գործով։
Մենք նույնպես համանման կերպ կարող ենք ասել, որ հայկական կողմը երկար ժամանակ չի ընդունել Մադրիդյան նորացված փաստաթուղթը։ Ադրբեջանն ընդունել է Մադրիդյան նորացված փաստաթղթի «հիմնարար սկզբունքները», որոնք առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները։
Տվյալ սկզբունքները հայտնի են բոլորին։ Հայաստանն առաջին հերթին «պետք է իր օկուպացիոն ուժերը դուրս բերի Ադրբեջանի օկուպացված տարածքներից, և մեր քաղաքացիները պետք է վերադառնան իրենց հարազատ տները»։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ կրկնել, որ հայկական կողմը երկար ժամանակ «հրաժարվել է ընդունել» Մադրիդյան նորացված փաստաթղթի «հիմնարար սկզբունքները»։
Ադրբեջանը «շահագրգռված» է բանակցությունների ժամանակ կառուցողական դիրքորոշմամբ և մշտապես ի ցույց է դրել դա։ Ստատուս քվոն անընդունելի է թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային հանրության համար, չնայած նրան, որ Հայաստանը ձեռնարկում է ամեն ինչ դա պահպանելու համար։ Ադրբեջանը հանդես է գալիս բանակցային գործընթացի շարունակման օգտին՝ միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար»։
Հիշեցնենք, որ այսօր Էլման Աբդուլաևն անդրադարձել էր նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի կոնֆերանսների դահլիճում տեղի ունեցած ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի և դեսպանների խորհրդակցության ժամանակ Հայաստանի նախագահի «ղարաբաղյան» հայտարարությանը։









































