Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է «Եվրո-2012»-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումների և Եվրոպայի առաջնությունում հայտնվելու հնարավորությունների մասին: Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին սեպտեմբերի 2-ին և 6-ին կխաղա համապատասխանաբար Անդորրայի և Սլովակիայի հավաքականների դեմ:
– Հենրիկ, ինչպիսի տրամադրություն է տիրում Հայաստանի հավաքականում նման պատասխանատու հանդիպումներից առաջ:
– Մարտական: Պատրաստվում ենք հնարավորինս լավ խաղալ Անդորրայի դեմ և հասնել դրական արդյունքի:
– Քո կարծիքով՝ Հայաստանի հավաքականն ի զորո՞ւ է խմբից դուրս գալ:
– Իհարկե ի զորու է: Հույսը վերջինն է մահանում:
– Հարկավոր է ջանք չխնայել, չէ՞ որ իրատեսական է նման մրցակիցներին հաղթելը:
– Ճիշտ է. անհնար ոչինչ չկա: Մենք բոլոր ջանքերը կներդնենք, որ յուրաքանչյուր խաղում հաղթենք, իսկ հետո կմտածենք խմբից դուրս գալու մասին:
– Փաստորեն, առաջիկա երկու հանդիպումներում ձեր առջև 6 միավոր վաստակելու խնդի՞ր է դրված:
– Ես կասեի` 4 խաղում` 12 միավոր:
– Երկու արտագնա հանդիպումները բարդացնո՞ւմ են ձեր խնդիրը:
– 4 խաղից 3-ը մենք մրցակցի հարկի տակ ենք անցկացնելու, և դա որոշակի բարդություն է, սակայն մենք ցանկանում ենք ու ձգտելու ենք հաղթել: Ամենակարևորը մեր երկրպագուներին ուրախացնելն է:
– Առաջին խաղում դուք բավական հեշտ հաղթեցիք Անդորրային` 4:0: Այժմ սպասո՞ւմ եք, որ անդորրացիները սեփական հարկի տակ լուրջ դիմադրություն կցուցաբերեն:
– Չէի ասի, թե մենք այդքան հեշտ հաղթեցինք: Նման տպավորություն կարող է լինել միայն հաշվից: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ էր, քանի որ անդորրացիները կարողանում են գրագետ պաշտպանվել և հակագրոհել: Կարծում եմ` Անդորրայում ավելի բարդ է լինելու. նրանք խաղալու են իրենց հարազատ փոքրիկ մարզադաշտում: Մենք փորձելու ենք որքան հնարավոր է արագ հաջողության հասնել, որ հետագայում քիչ նյարդայնանանք:
– Մնացած 4 հանդիպումներից ո՞րն է ձեզ համար ամենակարևորը:
– Յուրաքանչյուր խաղի նույն լրջությամբ ենք նախապատրաստվում: Մեզ համար կարևոր են բոլոր հանդիպումները:
Լուսանկարը` «Շախտյորի» պաշտոնական կայքի



































