Monday, 13 05 2024
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար

Յունիբանկն ընդդեմ «Հին Էրիվանի»

Հյուսիսային պողոտայում գտնվող երկու հարևան ընկերությունների` Յունիբանկի և «Հին Էրիվան հոլդինգի» միջև վեճը շարունակվում է տարբեր ձևաչափերով` լրատվամիջոցներով, դատարաններում, իրավապահ մարմիններում:

Այժմ հակահարձակման է անցնում «Հին Էրիվան հոլդինգի» նախագահ Մանվել Տեր-Առաքելյանը: «Ժամանակ»-ի հետ զրույցում նա ասաց, որ հակառակ կողմը ներկայացնող Յունիբանկի ղեկավարն արդեն չափն անցել է. «Ինքը սուտ մատնություն ա տվել 6-րդ վարչություն առ այն, որ երկրորդ համաձայնագրի վրայի կնիքը և ստորագրությունը ես կեղծել եմ: Եվ սուտ մատնության համար մենք դիմել ենք դատախազություն, խնդրել ենք հարուցել քրեական գործ»: Հիշեցնենք, որ ըստ ՀՀ ոստիկանության` Յունիբանկի ղեկավարը «Հին Էրիվան հոլդինգի» նախագահին մեղադրում է չվերականգնվող վարկային գծի վերաբերյալ փաստաթղթերը կեղծելու մեջ:

Քրգործը հարուցվել և գործով հետաքննություն սկսվել է հուլիսի 13-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում` Յունիբանկի ղեկավար Վ.Աթայանի ներկայացրած դիմում-բողոքի համաձայն: Բողոքում նշված է, որ «Հին Էրիվան» ՍՊԸ-ի և Յունիբանկ ՓԲԸ-ի միջև 2007-ին և 2008-ին կնքվել են չվերականգնվող վարկային գծի տրամադրման պայմանագրեր: 2009-ին «Հին Էրիվան» ՍՊԸ-ի տնօրենը դիմել է բանկին պայմանագրերը վերանայելու խնդրանքով, և բանկի ղեկավարության կողմից առաջարկվել են մի քանի համաձայնագրեր: Կողմերը ստորագրել են մեկ համաձայնագիր, սակայն բանկի աշխատակիցների անուշադրության պատճառով համաձայնագրերի մյուս տարբերակները մնացել են Մանվել Տեր-Առաքելյանի մոտ. վերջինս կեղծել է դրանք և որպես հիմք օգտագործել վարկի մարման ժամկետների որոշման համար:

Այս նախաձեռնությանը հաջորդեց «Հին Էրիվան հոլդինգ» ընկերության տնօրեն Մնացական Իսպիրյանի մեկնաբանությունը, ըստ որի Յունիբանկի ղեկավարը ոստիկանության միջոցով է ճնշում գործադրում: Իսկ այս պատմության` նրա պարզաբանումը հետևյալն է. «Յունիբանկ» ՓԲԸ-ի և «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի միջև 2007-ին և 2008-ին կնքվել են վարկային պայմանագրեր: 2009-ի մայիսի 25-ին բանկի և ընկերության միջև բանակցությունների արդյունքում կնքվել են երկու համաձայնագրեր, որոնցով այլ գրաֆիկ է նախատեսվել վարկի վերադարձման համար: Նույն օրը բանկի և «Հին Էրիվան հոլդինգի» ղեկավարների բանակցության արդյունքում այդ համաձայնագրերը փոխարինվել են այլ համաձայնագրերով, որոնցով գրաֆիկները կրկին փոխվել են հօգուտ ընկերության: Ըստ այդմ` ընկերությունը սկսելու էր մարումներ կատարել 2011թ. մայիսի 25-ից: Մայիսի 25-ին ընկերությունը կատարել է իր մարումը` վճարելով վերջին համաձայնագրերի գրաֆիկով նախատեսված վարկը և տոկոսը:

Ընկերության և բանկի ներկայացուցիչների վարկն ամբողջությամբ վաղաժամկետ մարելու բանակցությունների ժամանակ «Հին Էրիվանի» ներկայացուցիչը խնդրել է տրամադրել նաև հաշվարկված տոկոսների հետ կապված հարկային պարտավորությունները կատարված լինելու վերաբերյալ տեղեկանք` կասկածելով, որ բանկը երկու տարվա տոկոսները չի կապիտալիզացրել և այդ մասով հարկ չի վճարել: Բանկի ղեկավար Վարդան Աթայանը տեղեկանք տրամադրելու փոխարեն հարձակման գործընթաց է սկսել ընկերության դեմ` ընկերությունից պահանջելով ամբողջ վարկի գումարը, իբրև թե «Հին Էրիվան hոլդինգը» սխալ համաձայնագրերի գրաֆիկով է ղեկավարվել:

Բանկի հաջորդ գործողությունն ուղղված է եղել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի շենքը արտադատական կարգով վերցնելուն: Ընկերությունը դիմել է դատարան` ընդդեմ Յունիբանկի, խնդրելով ճանաչել նույն օրվա մեջ կնքված երկրորդ համաձայնագիրը: Յունիբանկի ղեկավար Վ.Աթայանն էլ դիմել է ՀՀ ոստիկանությանը` մեղադրելով ընկերության ղեկավար Մ.Տեր-Առաքելյանին համաձայնագրեր կեղծելու մեջ… Օգոստոսի 23-ին 6-րդ վարչության աշխատակից Էդգար Մնացականյանը բացատրություններ ստանալու պատրվակով իր մոտ է կանչել Մ.Տեր-Առաքելյանին, և մինչև գիշեր չեն թույլատրել դուրս գալ ոստիկանատնից, մինչև չգրի, որ պարտք է Յունիբանկին: Ի վերջո, Մ.Տեր-Առաքելյանին բաց են թողել:

Երեկ մենք հեռախոսով պարզաբանումներ խնդրեցինք անձամբ Հոլդինգի նախագահից: Պարզվեց, որ նա ոստիկանություն է գնացել առանց ծանուցագրի, առանց իր կարգավիճակը իմանալու, քննիչի զանգով, քանի որ վստահ է եղել, որ ինքը սխալ բան չի արել: Բանկային գաղտնիք ձևակերպումը մեջբերելով` չասաց, թե ինչ չափի վարկային միջոցների մասին է խոսքը, սակայն նշեց, որ բանկում «Հին Էրիվան» ռեստորանի շենքն է գրավադրված: Ինչ վերաբերում է կոնկրետ համաձայնագրերի վերաբերյալ` կողմերի տարաբնույթ բացատրություններին, ապա Հոլդինգի նախագահը պարզաբանեց. «Մայիսի 25-ին մեր և իր կողմից հաստատված համաձայնագրով վճարում ենք կատարել, և հետո մենք դիմել ենք այլ կազմակերպություն, որպեսզի վերաֆինանսավորվենք և դուրս գանք իրա բանկից: Ինքը (Վարդան Աթայանը), վստահ լինելով, բաց տեքստով էլ ինձ ասեց` տալիս եմ, բայց վստահ եմ, որ դու այդ գումարը չես ճարելու: Եվ հետո այնպես ստացվեց, որ ես էդ գումարը ճարեցի, ինքը որ հասկացավ, որ ես ճարել եմ, որ դուրս գամ իր բանկից, ինձ գցեց ժամկետանց:

Ժամկետանց գցելով` դա նշանակում ա, որ ինձ գցեց ծուղակը: Եվ մենք դիմել ենք դատարան, քանի որ ստվեր ա գցել իմ բիզնես-համբավի վրա, վարկային պատմության վրա, չէ՞ որ հայտարություն ա տվել, որ ժամկետանց վարկ ունեմ, իսկ ժամկետանց վարկ ունեցողին այլևս ոչ մի վարկ չեն տա: «Ժամկետանց» բանկային տերմինալոգիայով նշանակում է հանցագործություն…»: Իսկ ինչպես է եղել, որ բանկի աշխատողները համաձայնագրերը թողել են Մանվել Տեր-Առաքելյանի մոտ. «Մենք 2009-ին դիմել ենք իրանց, որ ճգնաժամից ելնելով մեզ տան արտոնյալ ժամանակահատված (վարկի մարման): Ինձ էլեկտրոնային տարբերակով ուղարկվել ա համաձայնագրի երկու տարբերակ, մի տարբերակում երկարաձգված ժամկետովն է, մյուս տարբերակում` ոչ երկարաձգված: Ես նախընտրել եմ երկարաձգվածը:

Դրանից հետո, ինքը ինձ ուղարկում ա պայմանագիրը, ես ստորագրում եմ, կնքում եմ, հետ եմ ուղարկում իրան: Մի ժամ անց տեսնում եմ, որ ինքը շփոթվել ա, ուղարկել ա ոչ երկարաձգված տարբերակը: Ես զանգում եմ բանկ, ասում եմ` Վարդան, շփոթվել ես, ուղարկել ես ոչ երկարաձգվածը, ինձ ուղարկի մյուս տարբերակը: Ինքը համաձայնում ա. ուղարկում ա` երկարաձգվածը: Ես ստորագրում եմ, իմ օրինակները պահում եմ, իր օրինակները վերադարձնում, ու երկու տարի մենք իրար չենք տեսնում: Գալիս ա իմ առաջին մուծում կատարելու օրը. եթե ինքը հայտարարում ա, որ իր մոտ բնօրինակ չկար, ապա ինչպես եղավ. ես ամսի 25-ին իմ հաշվին համալրում եմ ճիշտ էնքան գումար, որքան նախանշված էր համաձայնագրով: Ես մարում չեմ տվել, իմ հաշվապահները չեն ստորագրել, ժամը 5-ի կողմերը զանգում ենք, որ գնանք մարում տանք, մեզ հայտնում են բանկից, որ «էլ գալ պետք չի, դուք վճարումը կատարել եք, մենք էլ գումարը քաշել ենք ձեր հաշվից»` ճիշտ այնքան, որքան նշված է կնքված համաձայնագրում:

Պարոն Աթայան, եթե ձեզ մոտ բնօրինակը չկար` որտեղի՞ց իմացաք, որ քաշեցիք ճիշտ գումարը` նույնիսկ լումաներով: Դա ապացուցում ա, որ ձեր գործողություններով դուք ճանաչել եք էն համաձայնագիրը, որը մենք վերջում ենք ստորագրել: Հետո, երբ զանգում, ասում եմ` Վարդան, մուծումը եղավ, ասում ա` հա, Մանվել ջան, ամեն ինչ նորմալ ա: Բայց երբ որ հասկացավ, որ դուրս եմ գալիս իր բանկից, ասեց` ես ճանաչում եմ առաջին համաձայնագիրը: Սրանով դու պակաս ես վճարել 12 մլն… Անգամ եթե ինքը ճանաչում էր երկրորդ համաձայնագիրը, պետք է գրեին, պարոն Առաքելյան, խնդրում ենք` ձեր հաշիվը համալրել, 12 մլն պակաս է, որպեսզի ձեր այս ամսվա ծանրաբեռնվածությունը մարենք: Բայց ինքը միանգամից ինձ բռնագանձման թուղթ ա ուղարկում և ասում, եթե առաջիկայում ամբողջ գումարը չմարեցիր` շենքը տարա… Գնացինք բանկ, փաստաբանս ասաց` մեզ տվեք գրություն. մենք իրավունք ունենք իմանալու` մեր ուղարկած գումարները բյուջե մտել են, թե չեն մտել:

Այ դրանից սկսվեց ամեն ինչը…»: Մ.Տեր-Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 6-րդ վարչություն դիմելու անհրաժեշտություն չկար, քանի որ դա քաղաքացիա-իրավական հարաբերություններ են, և ոչ ոք պարտքից չի էլ հրաժարվում: Զրուցակցիս խոսքով, Վարդան Աթայանը ոստիկանություն է դիմել մի նկատառումով. «Տանում են, այնտեղ մշակում են` ոնց որ պետք ա, հետո դուրս են գալիս` փոխանցումներն անում են սուսուփուս, և այդ մասին ոչ ոք չի բարձրաձայնում, և կարծել են, որ Տեր-Առաքելյանն էլ չի բարձրաձայնի… Եթե սկզբից հայտարարեին, որ կներեք, շփոթմունք է եղել, կգնայինք հաշտության, բայց հիմա իրանք չափից շատ խորացան, չափից շատ վիրավորեցին, ինձ չափից դուրս շատ տարան 6-րդ վարչություն` սոված-ծարավ պահեցին, մարդկության ու բարոյականության սահմանները շատ անցան:

Հետևաբար ես կոչ եմ անում հանրությանը` մի քիչ ժամանակ, և ականատես կլինեք ավելի սկանդալային պատմության` կապված Յունիբանկի, 6-րդ վարչության և իրեն հովանավորողների հետ մեկտեղ: Որովհետև Վարդան Աթայանը չէր կարող ինքն իրեն այս ամեն ինչը ծավալեր: Կա ինչ-որ մարդ, որ իրեն հետևից բռթում ա, ասում ա` գնա, դու էս հանրապետության մեջ պրոբլեմ չունես: Ժամանակը կգա` կասեմ»: Բայց պարոն Առաքելյան, կարծես թե դուք էլ ոչ պակաս ազդեցիկ մարդիկ ունեք թիկունքում, հարցրեցինք` նրանցից ավելի՞ հզոր են: «Ես իմ ընկերներին խնդրել եմ` ոչ մեկը չի խառնվելու էս գործընթացին, բացարձակապես ոչ մի հովանավորչություն: Եթե հովանավորների կռիվ գնաց` ով ա ուժեղ, ով ա թույլ, ստեղ արդեն ես սխալ երևույթ եմ դա համարում: Ես չունեմ հովանավոր, ես ունեմ լավ ընկերություն, շրջապատ, լավ հարգանք, բայց խնդրել եմ` ոչ մեկը չխառնվի… Ես ներելու մտադրություն բացարձակ չունեմ, ես հաշտեցման չեմ գնալու… Եվ ի վերջո, ես ուզում եմ իրավական դաշտում, դատական պրոցեսում, բոլոր ատյաններում ապացուցել, որ կա անալոգ` արդար դատավարության»:

Վարդան Աթայանի հետ կապվել չհաջողվեց, սակայն մենք պատրաստ ենք հրապարակել նաև մյուս կողմի տեսակետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում