Իրանը սննդամթերք և բժշկական պարագաներ է գաղտնի մատակարել Լիբիայի ապստամբներին, որոնք պայքարում են Մուամար Քադաֆիի դեմ: Այս մասին երեկ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:
«Մենք կապեր էինք հաստատել Լիբիայում ապստամբած մի քանի խմբավորման հետ մինչև Տրիպոլիի գրավումը: Ապստամբների համար սննդի և դեղորայքի 4 գաղտնի առաքումներից երեքը կատարվել են Իրանից»,- ասել է Սալեհին, որի խոսքերը մեջբերում է France 24 հեռուստաալիքը: Վերջին ամիսներին Իրանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է Լիբիայի խնդրին: Այդ երկրի ղեկավարությունը քննադատության էր ենթարկում Քադաֆիին բնակչության դեմ իրականացվող բռնությունների համար: Սակայն անընդունելի էր համարում ՆԱՏՕ-ի գործողություններն այդ երկրում:
Օգոստոսի 23-ին պաշտոնական Թեհրանը շնորհավորեց ապստամբներին Տրիպոլին գրավելու կապակցությամբ, սակայն մինչ հիմա չի ճանաչել ընդդիմադիր Ազգային անցումային կառավարությունը:








































