Արդարադատության նախարարությունն էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում նախատեսում է օրենսդրական կարգավորումներ։
Նախարարությունն առաջարկում է հիմքեր ստեղծել, որպեսզի էլեկտրոնային հաղորդակցության օպերատորը կամ ծառայություններ մատուցողը դատական ակտերի հարկադիր կատարողին տրամադրի անձնական տվյալներ։ Շրջանառության մեջ դրած «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է՝ «Օպերատորը կամ ծառայություններ մատուցողն իրավասու է բացահայտել հարկադիր կատարողի կողմից հարուցված կատարողական վարույթի շրջանակում պարտապան կամ պահանջատեր հանդիսացող իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, քանակի եւ հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկություններ՝ հարկադիր կատարողի կողմից ուղարկված հարցումների հիման վրա»։
Նախագծի հեղինակները զրույցի ընթացքում նշեցին, որ չնայած օրենքը հարկադիր կատարման ենթակա ակտերի պատշաճ և արդյունավետ կատարումն ապահովելու նպատակով նախատեսել է մի շարք պետական մարմիններին և առևտրային բանկերին հարցումներ կատարելու գործիքակազմ, առկա գործիքակազմն ամբողջությամբ բավարար չէ կատարողական վարույթի կողմերի վերաբերյալ վարույթի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ամբողջական տեղեկատվությունը հավաքագրելու համար։ Նախարարության փոխանցմամբ էլ՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը ներկայումս օգտվում է էլեկտրոնային հաղորդակցության օպերատորների ծառայություններից և էլեկտրոնային հաղորդակցության օպերատորները համապատասխան օրենքի շրջանակներում տիրապետում են Հայաստանի բնակչության մեծամասնության, այդպիսով նաև՝ կատարողական վարույթով պահանջատերերի ու պարտապանների մեծամասնության վերաբերյալ անձնական տվյալներին։
Գործող իրավակարգավորումների պայմաններում հարկադիր կատարողը լիազորված չէ էլեկտրոնային հաղորդակցության օպերատորներին կամ ծառայություններ մատուցողին կատարողական վարույթով պարտապանների և պահանջատերերի վերաբերյալ հարցումներ կատարել։ Հեղինակների խոսքով՝ մյուս կողմից, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 23-րդ հոդվածը, սահմանելով օպերատորի և ծառայություններ մատուցողի կողմից իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները գաղտնի համարելու և պահելու պարտականությունը, այս ընդհանուր կանոնից սահմանում է միայն խիստ որոշակի թվով բացառություններ։ Նույն հոդվածում առանձնացնելով օրենքով նախատեսված դեպքերում վերոնշյալ տեղեկատվությունը՝ օրենքն այդ մարմինների շարքում չի ներառել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, ինչպիսի պայմաններում հարկադիր կատարողը լիազորված չէ ստանալ կատարողական վարույթի կողմերի վերաբերյալ հիշատակված սուբյեկտների կողմից տնօրինվող տեղեկատվությունը։ Եվ չնայած սրան, այդ տեղեկատվությունը տրամադրելը վճռորոշ նշանակություն կարող է ունենալ կատարողական վարույթի վերաբերյալ վարույթի կողմերի պատշաճ ծանուցումն ապահովելու և քաղաքացի-հարկադիր կատարող հաղորդակցության արդյունավետությունը եւ օպերատիվությունն ապահովելու համար։
Հավելենք, որ անցյալ տարի ԴԱՀԿ-ն պարտապանի գտնվելու վայրը պարզելու և հարկադիր կատարողի կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները ապարդյուն լինելու հիմքով ավարտվել է 43. 320 կատարողական վարույթ։ Նույն ժամանակաշրջանում կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության եւ հարկադիր կատարողի կամ չլինելու հիմքով ավարտվել է 553. 893 կատարողական վարույթ։










































