
ԵԽ նախագահ Շարլ Միշելը որոշակի լռությունից հետո օրեր անց հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության առնչությամբ, որ արձանագրվեց մայիսի 28-ին և ինչի հետևանքով զոհվեց հայ զինծառայող՝ ադրբեջանցու կրակոցից: Միշելի հայտարարությունը սակայն չի պարունակում դրա վերաբերյալ հասցեական դիտարկում: Միևնույն ժամանակ պետք է նկատել իհարկե, որ այդ առումով Միշելն ընդամենը «ընդօրինակում» է այլ միջնորդ դերակատարների վարքագիծը:
Միշելը հայտարարության մեջ նշում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում՝ առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն ու հասցեագրել հակամարտության հիմքում ընկած պատճառները: Միշելի կարծիքով՝ բոլոր հիմնարար խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է հասցեագրվեն բոլոր շահառուների կողմից, որպեսզի պայմաններ ստեղծվեն կայուն և արդար խաղաղություն համար»։ Սահմանին լարվածության առնչությամբ հնչող հայտարարության այդ պարբերությունը բազմիմաստ է, և այդ շարքում կարծես թե պարունակում է Ադրբեջանի գործողություններն «արդարացնող» երանգներ:
Համենայն դեպս, երբ կա փաստ, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, իսկ ԵՄ նախագահը խոսում է «կայուն կարգավորման պետք է առաջ մղել խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները և հասցեագրել հիմքում ընկած պատճառները», այստեղ առաջանում են մի շարք հարցեր: Դրանք հնարավոր է ընդհանրացնել թերևս հետևյալ ձևակեպումով՝ ԵԽ նախագահը համարում է, որ ադրբեջանական սադրանքների պատճառը խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները առաջ չմղե՞լն է և բոլոր պատճառների չհասցեագրվածությու՞նը: Բայց չէ՞ որ հենց Երևանն է նշում, որ Ադրբեջանի մոտեցումները չեն հասցեագրում բոլոր հանգամանքները, մասնավորապես Արցախի հանրության իրավունքներն ու անվտանգությունը, հետևաբար նաև կարգավիճակի հարցը: Ուրեմն, ի՞նչ է ակնարկում ԵԽ նախագահը: Նրա հայտարարության մյուս մասը տողատակի առումով թերևս առավել որոշակի է: «Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության դեպքում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին կայացած ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ Շառլ Միշելի հայտարարությունը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված արդյունքի նախընտրություն: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն հասցեագրվեն. դա ներառում է ողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»: Նրա հայտարարությունն առնչվում է անկասկած «Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների և անվտանգության» մասին հայտարարությունը, որ արվել էր մայիսի 22-ի հանդիպումից հետո և որը բավականին սուր արձագանքի էր արժանացել Հայաստանում:
Միշելը ակնարկում է գործնականում այն, ինչի վերաբերյալ տեսակետ էի արտահայտել նրա հայտարարությունից հետո, մասնավորապես այն մասով, որ ԵԽ նախագահը փորձում է օրակարգային հարցին անդրադառնալ «չվնասելու» տրամաբանությամբ արվող ձևակերպումով, առաջնորդվելով թերևս հետևյալ տրամաբանությամբ՝ ավելի լավ է ձևակերպումները լինեն հանրությունների համար վիճահարույց, բայց հարցերը ներառվեն օրակարգում և քննարկումները շարժվեն առաջ: Սա իհարկե արդյունավետության առումով բավականին երկիմաստ «բանաձև» և իրավիճակ է, սակայն անկասկած է, որ գոնե ԵԽ նախագահը հազիվ թե տիրապետի ավելի արդյունավետ բանաձևի: Միաժամանակ, Միշելի հայտարարությունը շատ ավելի ուղիղ կերպով անդրադառնում է «զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ Ալիևի հետբրյուսելյան հայտարարություններին, որոնք գործնականում նաև նախորդեցին մայիսի 28-ի ադրբեջանական սադրանքին: «Մայիսի 22-ին Բրյուսելում հատուկ քննարկվել են կապուղիները՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում կողմերը հաստատեցին, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են» նշել է ԵԽ նախագահը իր հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ, պետք չէ բացառել և այն, որ այդ հարցում ևս Միշելն առաջնորդվում է «օպտիմալ բանաձևի» տրամաբանությամբ, եթե Ալիևի այդ հայտարարությունները ներքին սպառման համար են՝ ինչի շնորհիվ նա մասնակցում է բրյուսելյան ձևաչափին և համաձայնում «առանց արտատարածքային պահանջների» քննարկումներին: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ կերպ թերևս լուծվում է առավելապես Բրյուսելի՝ խաղի մեջ լինելու կամ մնալու հարց, իսկ կայուն և որակապես հավասարակշռված խաղաղության հարցը շարունակում է մնալ բաց, այդ կերպ նաև բաց պահելով Ադրբեջանի սադրանքների հնարավորությունը: