Որքան էլ տարօրինակ հնչի 1990 թ.-ից մինչ օրս Հայաստանում գործունեություն են ծավալում ստանայապաշտները: Ավելին՝ նրանցից մի քանիսը դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ ծիսակարգի համաձայն մարդկանց ողջակիզելու համար: Այս մասին տեղեկացանք քայքայիչ աղանդներից տուժածների և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանից, ով այսօր մեզ հետ զրույցում հիշեց, որ եթե չի սխալվում դեռևս 88 թ.-ին «Կոմունիստ» թերթն էլ է անդրադարձել սատանայապաշտներին:
Պարոն Ամարյանը, պատասխանելով մեր հարցին, նշեց, որ սատանայապաշտների ընդհանուր թվի մասին կոնկրետ տվյալներ չկան: Բայց նրանց խմբերը բաղկացած են 15-20 հոգուց: Ավելին՝ այսօրվա դրությամբ Հայաստանում 30-40 սատանայապաշտների խմբեր կան, եթե ոչ ավելի շատ: Նրանք մարզերում էլ են տարածված, բայց հիմնականում մայրաքաղաքում են իրենց գործունեությունը տարածում:
Այն հարցին, թե ինչպե՞ս են իրենց ցանցը համալրում նոր մարդկանցով՝ Ալեքսանդր Ամարյանը բացատրեց, որ այն ձևով, ինչ աղանդավորական խմբերը: Բայց վերջում էլ սպառնալիքներ են հնչեցնում, թե դուրս գալու դեպքում հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ:
Այնուհետև խոսելով ծիսակարգի մասին՝ ասաց. «Հատուկ օրեր ունեն, և ծիսակարգը կատարվում է գիշերային ժամերին: 2003 թ.-ին ոսկերիչի սպանությունը կատարվել է սատանայական ծիսակատարությունների օրենքների համաձայն: Օրը համապատասխանում է իրենց տոն օրերին, որը լիալուսնի օրերից մեկն է, իսկ ծիսակարգը կատարվում է գիշերվա 12-4-ը: Հիմնական շեշտը դրվում է դաժանության վրա, և մարդուն տանջելուց հետո նոր միայն սպանում են: Վերջում հրկիզման գործընթացն է կատարվում: Հիմնականում գցում են կրակի վրա և այրում: Օրինակ՝ մի ոսկերիչ վարպետի դրել էին թաղտի վրա, փայտերը, աթոռները վրան լցնելուց հետո բենզին էին ավելացրել ու վառել»:
Մեր այն դիտարկմանը, թե սատանայապաշտները ի՞նչ են պատճառաբանում՝ ո՞րն է հրկիզելու իմաստը, մանրամասնեց. «Դա, ըստ իրենց մեկնաբանության, սատանան է իրենցից պահանջում, իսկ մյուս պատճառաբանությունն այն է, որ նման կերպ պատժում են այն մարդկանց ովքեր չեն հավատում սատանային»:
Նրանք իրենց գործունեությունը ծավալում են ամառանոցային տարածքներում կամ այն բնակարաններում, որոնք աչքից հեռու են:
Մենք ունեցել ենք սատանայապաշտների կողմից առաջին սպանության դեպքը, որի հեղինակները 2004 թ.-ին առաջին ցմահ դատապարտյալներն են:









































