«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է վրաց քաղաքագետ Գելա Վասաձեն։
-Պարոն Վասաձե, պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Իլյա Դարչիաշվիլին։Կողմերն անդրադարձել են առտրատնտեսական ոլորտում առկա ներուժի իրացման, տարածաշրջանի կայուն զարգացմանն ուղղված համատեղ ջանքերին։ Այս համատեքստում հատկապես ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության կարևորությունը «Պարսից ծոցից-Սև ծով միջազգային տրանսպորտային և տարանցիկ միջանցքի» ստեղծման գործում։ Ի՞նչ առաջընթաց կարող ենք ակնկալել այս համատեքստում։
– Վրաստանի նոր արտգործնախարարի այցը հետաքրքիր է տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող գործընթացների համատեքստում։ Փետրվարի 24-ից աշխարհը փոխվել է և փոխվում է գրեթե ամեն օր։ Այժմ պարզ է, որ շատ շուտով մենք գործ կունենանք նոր աշխարհաքաղաքական իրողության հետ ողջ հետխորհրդային տարածքում, որը չի կարող չարտացոլվել Հարավային Կովկասում։ Նման իրավիճակում ԱԳ նախարարներին անհրաժեշտ է առնվազն ծանոթ լինել միմյանց հետ։
Ինչ վերաբերում է Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքին, ապա այն վաղուց գոյություն ունի և գործում է։ Ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք իրականացվում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, կնպաստեն դրա ընդլայնմանը։ Բայց առանց բոլոր սահմանների բացման՝ սա դեռ բավարար չի լինի։ Ավելին, լոգիստիկ բոլոր երթուղիները այժմ շրջանցել են Ռուսաստանը, և մեր տարածաշրջանի ծանրաբեռնվածությունն ավելանում է։
-Հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման և այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ Ի՞նչ եք կարծում, Վրաստանը կարո՞ղ է օգտակար լինել այս հարցում:
-Վրաստանը բոլորից ավելի շատ է շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությամբ։ Մեզ համար սա զարգացման և անվտանգության խնդիր է։ Ուստի Վրաստանի շահերից է բխում առավելագույն ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Բրյուսելում վերջին հանդիպումները որոշակի լավատեսություն են ներշնչում։ Այնպես որ, հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի, և տարածաշրջանը նորից չի ներքաշվի նոր պատերազմների մեջ։
-Վերջերս Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Վրաստանին խնդրել են փակել օդային և ցամաքային սահմանը Հայաստան զենքի փոխադրման համար, իսկ Վրաստանը, ըստ. նրան, կատարել է այս խնդրանքը։ Ո՞րն է նման հայտարարության նպատակը։ Պետք է Թբիլիսին պաշտոնապես հերքի՞ կամ հաստատի այն ինֆորմացիան։
– 44-օրյա պատերազմի ընթացքում Վրաստանը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ խորհրդակցելուց հետո փակեց իր տարածքով ռազմական տարանցումը բոլոր պատերազմող կողմերի համար: Ռուսական ռազմական տարանցումը Վրաստանում փակ է 2008 թվականից։ Այսպիսով, այստեղ հերքելու ոչինչ չկա: