Բիարիցում կալանվել է Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դստեր՝ Կատերինա Տիխոնովայի նախկին ամուսնու՝ գործարար Կիրիլ Շամալովին պատկանող վիլլան։ Տան հասցեն հայտնվել է Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ռեգիստրում՝ պատժամիջոցների տակ սառեցված անշարժ գույքի ցուցակում։
Խոսքը գեներալ Մակկրոսկի պողոտայում գտնվող վիլլայի մասին է։ The Important Stories հրատարակությունը գրել է, որ Շամալովն այն ձեռք է բերել 2012 թվականին՝ միլիարդատեր Գենադի Տիմչենկոյի ընտանիքից, իր Alta Mira ընկերության միջոցով։
Nice-Matin հրատարակությունը նշում է, որ Ֆրանսիայի իշխանությունները կալանալել են ռուս գործարարների ևս երկու վիլլա։ Դրանք գտնվում են Ֆրանսիայի Լազուր ափին։ Առաջին վիլլան գտնվում է Սեն Տրոպեի մոտ և 2005 թվականից պատկանում է «Rusal»-ի ղեկավար, օլիգարխ Օլեգ Դերիպասկային։ Երկրորդը, որը գտնվում է Սեն-Ժան-Կապ-Ֆերատ կոմունայի մոտ և նման է Վերսալյան պալատին, պատկանում է ռուսական «Պլատինումի» տնօրենների խորհրդի նախագահ Մուսա Բաժաևին:










































