Իսրայելում բնակվող Գիտա Բոարոնը պնդում է, թե հանդիսանում է Մուամար Քադաֆիի հեռավոր ազգակականը, և հիշում է, թե ինչպես էին իրենք մանուկ հասակում միասին խաղում: Նրա խոսքերով` նախքան բռնակալ դառնալը «նա եղել է շատ լավ երեխա»: Ավելի վաղ, իսրայելական թերթերից մեկին տված հարցազրույցում 75-ամյա Բոարոնն ասել էր. «Նա ուրախությամբ լի էր, սակայն հաճախ էր ընկնում անախորժությունների մեջ: Ես նրան փոքր տարիքում տարբեր վիճակներում եմ տեսել»:
«Մենք միասին խաղում էինք, երբ նա գալիս էր մեր տուն` իր մորաքրոջ` Դիդիի մոտ: Ես նրան տեսել եմ նախքան այն, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց Իսրայել: Նա յոթ տարեկան էր, իսկ ես` տասներեք:
Լիբիայում կարծես թե լիբիական ծագման հրեա չի մնացել: Քադաֆիի տատիկն իմ տատիկի քույրն է: Նա հրեա էր, սակայն հետագայում դարձավ մուսուլման և ամուսնացավ տեղի շեյխերից մեկի հետ: Նա ուներ երեխաներ, իսկ նրա թոռանը` Մուամարին, կարելի է համարել հրեա, քանի որ նրա մայրը ծնվել է հրեա կնոջից»,- պատմել է Բոարոն:
«Միևնույն ժամանակ նա դժվար թե ցանկանա տեղափոխվել հրեական պետություն: Քադաֆին հիմա դժբախտ մարդ է, սակայն ես նրա հանդեպ համակրանք չունեմ, նա շատ չար գործեր է արել և արժանի է նրան, որպեսզի վերջ տա իր կյանքին, քանի որ նա սպանել է իր ազգի շատ ներկայացուցիչների: Նա գթասիրտ չէ, որով և նման չէ մեզ` հրեաներիս», – թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է Բոարոնը:
Բոարոնն ասել է նաև, որ Քադաֆին միշտ սիրել է հրեաներին և նրանց որևէ վատ բան չի արել:
Նշենք, որ Քադաֆիի ծնվելու հստակ տարեթիվը հայտնի չէ: Որոշ կենսագիրներ ասում են, որ նա ծնվել է 1940 թվականին: Սակայն, ինքը` Քադաֆին ասում է, որ ծնվել է 1942 թ. հունիսի 19-ին՝ Սիրթ քաղաքից 30կմ դեպի հարավ` բեդուինական վրանում:











































