Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ լիբիացի ապստամբների Տրիպոլի մտնելուց մեկ օր անց նրանց ամրոց հանդիսացող Բենղազի ժամանեց Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ում դիմավորեցին Թուրքիայի հարյուրավոր դրոշներով։
Դավութօղլուն «Նոր Լիբիային» ուղղել է երեք ուղերձ. հաղթանակը վերջ դրեց ներքին բախումներին, միությունն ու միասնությունը պետք է անպայմանորեն պահպանել, Թուրքիան աջակցում է միացյալ Լիբիային։
Բենղազիում Դավութօղլուն հանդիպել է Լիբիայի ազգային անցումային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդուլջելիլի հետ, ով Անկարայի ցուցաբերած ֆինանսական աջակցության համար շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին։ Թուրքիան արդեն իսկ 100 միլիոն դոլար է ուղարկել լիբիացի ապստամբներին և պատրաստվում է ևս 200 միլիոն դոլարի օգնություն ցուցաբերել։
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Լիբիայի ապագայի «ճանապարհային քարտեզը»։











































