ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր Շենժենում հանդիպեց ՉԺՀ պետխորհրդի փոխվարչապետ Լյու Յանդունի հետ:
Ա. Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերի փակման արարողությանը մասնակցելու հրավերի և խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար:
Անդրադառնալով երկկողմ համագործակցությանը`զրուցակիցները հիմնականում քննարկեցին հումանիտար ոլորտում հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Երկուստեք նշվեց, որ այս ոլորտում փոխգործակցության սերտացումը կնպաստի մշակութային հարուստ ժառանգություն ունեցող երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը, փոխըմբռնման խորացմանը:
Կողմերը մասնավորապես գոհունակություն հայտնեցին բուհական ոլորտում փոխգործակցության առնչությամբ` կարևորելով նոր ծրագրերի իրականացումը:
Ա. Գևորգյանը ողջունեց միջազգային պայմանագրերի հիման վրա Չինաստանում հայ ուսանողների համար տեղերի ավելացումը. 2012-2013 թթ. ուսումնական տարվանից սկսած նրանց թիվը կկրկնապատկվի` կրթաթոշակ կտրամադրվի 40 հայ ուսանողի: Հաջող գնահատվեց Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Կոնֆուցիուսի ինտիտուտի մասնաճյուղի գործունեությունը, անդրադարձ եղավ նաև ԵՊՀ-ում նման մասնաճյուղի բացման, Երևանի որոշ դպրոցներում չինարենի ուսուցման, բուհական դիպլոմների փոխադարձ ճանաչման հարցերին:
Մշակութային ոլորտում առկա համագործակցությունը ևս դրական գնահատվեց: Ողջունելի համարվեց, որ երկու երկրներում պարբերաբար կազմակերպվում են մշակութային օրեր, իսկ հայ-չինական մշակութային համագործակցության 2012-2016 թթ. ծրագիրը լավ հիմքեր է ստեղծում ոլորտում շփումների հետագա խորացման համար:
Երկու երկրների փոխվարչապետները կարևորեցին հայ-չինական բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացումը:
Ի դեպ, Ա. Գևորգյանն այսօր նաև հարացազրույց տվեց Շենժենի հեռուստառադիոընկերությանը` անդրադառնալով հայ-չինական համագործակցությանը, ուսանողական մարզական համաշխարհային 26-րդ խաղերին:
Օգոստոսի 24-ին նախատեսվում են Ա. Գևորգյանի հանդիպումները Պեկինում:







































