«Ինչպես պայմանավորվել էինք, այսօր մենք շարունակեցինք քննարկել օգոստոսի 9-ի միջադեպը և դրա հետ կապված զարգացումները: Կարող եմ ասել, որ քննարկման արդյունքներից մենք վստահ ենք, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցի փոփոխման հարցը արագորեն կկարգավորվի: Դա նկատի ունենալով` մենք անցել ենք օրակարգային հարցի քննարկմանը և լսել կոալիցիայի տեսակետը»,- ՀԱԿ-իշխանություն երկխոսության վեցերորդ աշխատանքային հանդիպման ավարտից հետո նման հայտարարությամբ հանդես եկավ Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հարցին, թե որտեղի՞ց է վստահությունը, որ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը կփոխվի, արդյո՞ք իշխանությունը ինչ-որ խոստում է տվել, Զուրաբյանը պատասխանեց. «Ես ընդհանրապես վստահ մարդ եմ, և իմ վստահությունը դրանից է գալիս»: Նշենք, սակայն, որ Զուրաբյանը կոնկրետ ժամկետներ չնշեց, թե երբ հնարավոր կլինի փոխել Տիգրանի խափանման միջոցը:
Նա նշեց, որ իրենք այսօր հասցրել են լսել կոալիցիայի ներկայացրած 130 էջանոց փաստաթղթի 2/3-ը և քանի դեռ այն չեն ավարտել ինքը տեղին չի համարում մեկնաբանել այն: Սակայն Զուրաբյանը նշեց, որ մեկ բան այդուամենայնիվ կասի. «Իմ տպավորությամբ այս փաստաթուղթը շատ ավելի լավն է, քան Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած փաստաթուղթը, որովհետև այն շատ ավելի լավ է հիմնավորում արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը Հայաստանում»:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է լինելու սեպտեմբերի 9-ին(սեպտեմբերի 9-ին ՀԱԿ հանրահավաքն է- 1in.am), Զուրաբյանը նշեց, որ դեռ երկխոսության գործընթացը գնում է, ինչը շատ կարևոր է, ինչպես նաև շատ դինամիկ քաղաքական պրոցեսներ են ընթանում. «Հիմա շատ շուտ է խոսել, թե սեպտեմբերի 9-ին ինչ կլինի, քանզի դա կախված է մեր երկխոսության արդյունքներից»:











































