Երեխայի ծնունդի ժամանակ տրվող միանվագ նպաստը (3-րդ երեխայի դեպքում 430 հազար դրամ է) ժողովրդագրական խնդիր լուծելու տեսակետից լուրջ չէ: Նման կարծիք այսօրվա ասուլիսում հայտնեց ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքով, բազմազավակ ընտանիքների թիվը հայկական իրողության մեջ շատ փոքր մաս է կազմում և ժողովրդագրական խնդիրների վրա որևէ լուրջ ազդեցություն չի կարող ունենալ: Փոխարենը, ըստ Ռ. Եգանյանի, դա ունենում է սոցիալական ծանր հետևանքներ՝ և՛ բազմազավակ ընտանիքների, և՛ ապագայում այդ երեխաների համար:
Ռ. Եգանյանը հայտնեց, որ այսօր ծնունդների 55%-ը առաջին երեխաներն են, երբ 80-ականներին այդ ցուցանիշը 30% էր, 3-րդ երեխաներն ընդամենը 10 % են:
«Ընտանիքը առաջին երեխայի ծննդից հետո դադարեցնում է իր մասնակցությունը վերարտադրությանը»,- ասաց Ռ.Եգանյանը:
«Առաջին լրատվական»-ի հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա կառավարության նախաձեռնությունը, որով նախատեսվում է ավելացնել միանվագ նպաստի չափը`3-րդ և 4-րդ երեխային հատկացնելով 1 մլն դրամ, Ռ. Եգանյանը պատասխանեց, որ դա լուրջ արդյունք չի տա. «Այդ քայլին կգնան պարտք վճարելու, այլ առօրյա խնդիրներ լուծելու համար`առանց մտածելու երեխայի հետագա ճակատագրի մասին»:
Բանախոսը նաև փաստեց, որ փողոցային առևտրի հանկարծահաս վերացումը, կրպակների վերացումը և մյուս նման քայլերն անպատճառ բացասական հետևանքներ կունենան երկրի ժողովրդագրական պատկերի վրա, մասնավորապես, ամուսնանալ կամ երեխա ունենալ պատրաստվողները կհետաձգեն իրենց որոշումները:










































