Ռուսաստանաբնակ գործարար Սավել Կարապետյանին պատկանող «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը հնարավոր է մասնակցի Ռուսաստանի այսպես ասած բաց առաջնությանը։ Երևանյան ակումբի տնօրեն Պողոս Գալստյանը Metaratings.ru-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ռուսական ֆուտբոլի շուրջ ստեղծված իրավիճակը մասին մասնավորապես ասել է․ «Դա քաղաքական խնդիր է, բայց եթե ռուսները հրավիրեն, ապա ինչու ոչ: Պատրաստ կլինենք տեղափոխվելու ռուսական լիգա։ Տնային խաղերը կանցկացնենք Երևանում: Այդ մրցաշարը կլինի ԽՍՀՄ առաջնության նման: Ամեն դեպքում կարծում եմ, որ բանը դրան չի հասնի, մարդիկ ողջամիտ կգտնվեն: Շուտով ամեն ինչ կավարտվի, պատժամիջոցները կհանեն և ամեն ինչ լավ կլինի: Մեզ համար չկա տարբերություն, բայց նման հարցերը մենք չենք որոշում: Այդուհանդերձ մենք դեմ չենք և ուրախությամբ կընդունենք այդ առաջարկը»։
Այն բանից հետո, երբ ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն Ռուսաստանի բոլոր հավաքականներին և ակումբներին զրկեցին միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից ռուսական կողմը մտադրություն է հայտնել ստեղծել այլընտրանքային լիգա։ Կարճ ասած ռուսները ցանկանում են վերականգնել «Սովետի» առաջնությունը, որտեղ ելույթ կունենան թիմերը Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և նախկին ԽՍՀՄ այլ պետություններից։ Նախօրեին ՌԴ սպորտի նախարար Օլեգ Մատիցինը հայտարարել էր, որ Ռուսաստանի բոլոր սպորտաձևերի առաջնությունները բաց են լինելու այլ եկրիների թիմիերի և մարզիկների համար։ Նշենք սակայն, որ նույն ֆուտբոլի առաջնությունը իրավական ուժ չի ունենա։ Չի բացառվում նաև այլընտրանքային լիգային մասնակցող թիմերը ՈւԵՖԱ-ի կողմից ենթարկվեն պատժամիջոցների։ Ռուսական ակումբները արդեն իսկ դուրս են մղել եվրոպական ֆուտբոլային քարտեզից։ Հավանական է, որ լուսանցքում հայտնվեն նաև այլ երկրները ներկայացնող թիմերը, որոնք կընդունեն ռուսների առաջարկը։ Փաստենք սակայն, որ «Արարատ-Արմենիան» առաջին թիմերից է, որը ուրախությամբ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու իրավական ուժ չունեցող միջազգային մրցաշարին։ Բաց առաջնություն կազմակերպելու վերաբերյալ Ռուսաստանի ֆուտբոլի միությունը դեռևս պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։ Օրեր առաջ ՌՖՄ-ն դիմել էր սպորտային արբիտրաժային դատարան՝ CAS, ռուսական թիմերին միջազգային մրցաշարերից հեռացնելու պատճառով։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի դեմ մեկ դատական հայցով ՌՖՄ-ն պահանջել էր վերականգնել Ռուսաստանի բոլոր հավաքականների և թիմերի իրավունքները։ Ռուսական ֆուտբոլային գերատեսչությունը պահանջել էր նաև վնասի փոխհատուցում ։ ՌՖՄ-ն պնդել էր նաև, որ գործը քննվի արագացված ընթացակարգով նախատեսված մոտակա հանդիպումներին ռուսական թիմերի մասնակցության հնարավորությունն ապահովելու համար։ Մարտի 24-ին Ռուսաստանի հավաքականը աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի շրջանակներում Մոսկվայում պետք է մրցեր Լեհաստանի։
Երեկ և մարտի 17-ին էլ Մոսկվայի «Սպարտակը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում պետք է հանդիպեր գերմանական «Լայպցիգի» հետ։ Նախօրեին ՖԻՖԱ-ն որում կայացրեց, որի համաձայն Լեհաստանի հավաքականն առանց ռուսների դեմ մրցելու դուրս եկավ փլեյ-օֆֆի, եզրափակիչ փուլ, որտեղ կմրցի Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ։ ՈւԵՖԱ-ի որոշմամաբ էլ «Սպարտակը» դուրս մնաց Եվրոպա լիգայի խաղարկությունից։ Արդեն իսկ պարզ է, որ սպորտային արբիտրաժային դատարանում Ռուսաստանի ֆուտբոլի միությունը հաջողության չի հասնի։ Բաց առաջնության կազմակերպումը Ռուսաստանում դիտվում է, որպես ֆուտբոլի փրկության միջոց։ Հավաքականներին և ակումբներին չեզոքացնելուց հետո ՖԻՖԱ-ն ընդունվել ևս մեկ որոշում, որը կարող է վերջնականապես փոշիացնել ռուսական ֆուտբոլը։ Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով ֆուտբոլային գերատեսչությունը Ռուսաստանում ելույթ ունեցող օտարերկրացի խաղացողներին թույլատրել է միակողմանիորեն խզել պայմանագրերն ակումբների հետ։
Մասնավորապես, ռուսական թիմերում հանդես եկող լեգեոներների ինչպես նաև մարզիչների Ռուսաստանից հեռանալու գործընթացը հեշտացնելու համար, ընդունվել է հետտևյալ օրենքը․ Ռուսաստանի ֆուտբոլային միության հովանու ներքո հանդես եկող ակումբների հետ մինչև մարտի 10-ը փոխադարձ համաձայնության չգալու պարագայում, արտասահմանցի խաղացողներն ու մարզիչները իրավունք կունենան միակողմանիորեն կասեցնել իրենց աշխատանքային պայմանագրերը ՌՖՄ-ին առնչվող ակումբների հետ մինչև Ռուսաստանում մրցաշրջանի ավարտը՝ 2022 թ. հունիսի 30-ը։










































