NASA-ն սկսել է 30 միլիոն դոլար արժողությամբ փրկարարական առաքելություն՝ փորձելով ավելի բարձր ուղեծիր տեղափոխել շուրջ 22 տարի ծառայած Swift տիեզերական աստղադիտարանը, որը վերջին տարիներին արագորեն կորցնում է բարձրությունը և կարող է վերադառնալ Երկրի մթնոլորտ։ Առաքելությունը կարող է մեկնարկել արդեն այս շաբաթ։ Swift աստղադիտարանը տիեզերքն ուսումնասիրում է 2004 թվականից՝ գրանցելով գամմա ճառագայթների բռնկումներ, գերնոր աստղերի պայթյուններ և տիեզերքի ամենահզոր երևույթներից մի քանիսը։
NASA-ում նշում են, որ առաքելությունը չափազանց բարդ է, քանի որ Swift-ը երբեք չի նախագծվել վերանորոգման կամ տիեզերքում որսալու համար։ Գործակալությունն իր առջև երկու հիմնական պահանջ էր դրել՝ ամեն ինչ անել հնարավորինս արագ, բայց չվատթարացնել իրավիճակը։ Առայժմ Swift-ի բոլոր գիտական սարքերն անջատված են, որպեսզի դանդաղեցվի դրա անկումը։ Դիտարկումները դադարեցվել են դեռ փետրվարին։
NASA-ի գիտնականների խոսքով՝ աստղադիտարանի փրկությունը կարևոր նշանակություն ունի, քանի որ դրա գործառույթները փոխարինելու համար ներկայումս ֆինանսավորում չկա։









































