Ադրբեջանական Vesti.az-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել մի նախագծի վրա, ըստ որի՝ Ստամբուլում գտնվող Սուլթանահմեդի մզկիթի մոտ տեղադրվելու են մուսուլմանական հագուստ վաճառող ավտոմատ սարքեր։ Դրա նպատակն այն է, որ զբոսաշրջիկները մզկիթի տարածք մտնեն «պատշաճ տեսքով»։
Այդ ավտոմատ սարքերի հագուստը բացառապես կանացի է՝ Սուլթանահմեդի խորհրդանիշով ու գլխաշորով։ Նշվում է, որ մզկիթ հաճախելիս կանացի հագուստի նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, քան տղամարդկանց հագուստի։ Սակայն դա չի նշանակում, որ տղամարդկանց կթույլատրվի մզկիթ հաճախել մարզաշապիկով կամ շորտերով։
Ստամբուլի մուֆթիի տեղակալ Սաբրի Դեմիրը նշել է, որ ավտոմատ սարքերի այդ հագուստը թանկարժեք չի լինի, և բացի այդ, նրանք կարող են իրենց հետ տանել Թուրքիայում գնված այդ յուրօրինակ հուշանվերը։
Նշվում է, որ այսպիսի պատկերի կարելի է հանդիպել բազմաթիվ երկրներում, այդ թվում նաև եվրոպական։ Օրինակ՝ շորտերով Վատիկան հաճախող զբոսաշրջիկներին վաճառում են հատուկ թղթե տաբատներ, որոնք արժեն մեկ եվրո։
Հիշեցնենք, որ 43 մետր բարձրություն ունեցող Ստամբուլի Սուլթանահմեդի մզկիթը կառուցվել է 1609-1616 թվականներին։ Այն հանդիսանում է 6 մինարեթ ունեցող Թուրքիայի առաջին մզկիթը։








































