«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը արդեն տարիներ շարունակ պայքարում է «գերակա հանրային շահ» ճանաչված, Աբովյան 4 հասցեում գտնվող իր տարածքի համար։ Պայքարը այդպես էլ արդյունք չտվեց. շաբաթ օրը նոր սեփականատեր ճանաչված Ավետիս Կարագուլյանը ոստիկանների ուղեկցությամբ, առանց տվյալ տարածքը ցանկապատելու, քանդել է «Միլանո» խանութը։
«Արդարության մասին բոլոր բարձր խոսքերը անիմաստ են դառնում։ Հայ մարդուն այսօր պատերազմ են հայտարարել Հայաստանում։ Հայաստանում մեր պայքարը եզրափակվեց։ Հիմա ապավինում ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանին»,- խանութի քանդված շենքի մոտ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Օլիմպ»-ի փոխտնօրեն Նելլի Ղուկասյանը։
Փաստաբան Տիգրան Հայրապետյանը բացատրում է՝ ինչումն է կայանում օրենքի խախտումը։
«Եթե պետության կարիքների համար սեփականատիրոջ գույք է օտարվում, ապա փոխհատուցումը պետք է լինի նախնական և համարժեք։ Մինչդեռ փոխատուցում չի եղել մինչ օրս։ Ավելին՝ փոխհատուցումը սահմանված չէ փոխարժեք։ Դատարանի վճռով՝ փոխհատուցում պետք է տրվի եռահարկ շենքի միայն առաջին հարկի համար, այն էլ՝ շուկայական գնից շատ ցածր գնով»,- ասում է Տիգրան Հայրապետյանը և ավելացնում, որ այս տիպի գործընթացներն ավելի վատ են ընթանում հիմա, քան մինչ օրենքի ընդունումը, քանի որ օրենքի ոչ մի նորմ չի գործել այս դեպքում։
Ավելին, ըստ փաստաբանի՝ տարածքը հանրային շահ ճանաչելու մասին որոշումը ձևական է, որովհետև նախ հստակ չի նշվում, թե ինչ է լինելու այդ տարածքում, բացի այդ՝ 2.5 տարի է անցել, իսկ նոր սեփականատերը ոչ մի շինարարություն չի ձեռնարկել։ «Մեկ օրում քանդեցին, իսկ այսքան ժամանակ ոչինչ չի արվել, քանի որ սա հանրային շահ չի, այլ անձանց շահ է»,- ասում է Տիգրան Հայրապետյանը։










































