
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ուկրաինական քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը
–Պարոն Հակոբյան, այսօր վաղ առավոտյան Մոսկվան սկսեց լայնածավալ գրոհ Ուկրաինայի դեմ։ Նոր աշխարհակարգի վերաձևավորման հետ գործ ունե՞նք։
– Առավոտը բացվեց պատերազմով։ Լուսաբացից Ուկրաինայի մի շարք քաղաքներ և մարզկենտրոններ ենթարկվել են հրթիռակոծության, ինչպես ռազմական ենթակառուցվածքների, այնպես էլ բնակելի թաղամասերի։ Թե ինչի հետ գործ ունենք, ճիշտն ասած, դժվար է հասկանալ, թե ինչ նկատառումներով է իր հարձակումն արել հարևան երկրի ղեկավարը, այստեղ որևէ առիթ Ուկրաինան չի տվել իր վրա հարձակվելու։ Սա պարզապես ագրեսիայի ակտ է։
-Ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի Արևմուտքը։ Ինչո՞ւ Արևմուտքը չփորձեց սպառազինության մատակարարումից բացի, անմիջական ռազմական ենթակառուցվածքային ներկայությամբ պաշտպանել կամ կանխարգելել հարձակումը Ուկրաինայի վրա։
-Արևմուտքը կոորդինացնում է իր բոլոր գործողություններն Ուկրաինայի ղեկավարության հետ, սպառազինության մատակարարումն արվում է։
Ինչ վերաբերում է ձեր հարցի երկրորդ միասին՝ կապված Արևմուտքի՝ անմիջական ռազմական ենթակառուցվածքային ներկայությամբ պաշտպանելուն, դրա համար համապատասխան օրենսդրական դաշտ է պետք, որն այսօրվա դրությամբ բացակայում է։ Ուկրաինան ՆԱՏՕ անդամ չէ, և եղած բոլոր պայմանագրերով նման օգնություն այս պահին դեռ չկա։ Բայց մեր կառավարությունն աշխատում է, և եթե նորություն լինի, հնարավոր է ստեղծվի ենթակառուցվածք կամ դիմեն ռազմական օգնության։ Դեռ պարզ չէ։
–Ինչպե՞ս պիտի դիրքավորվի Հայաստանը ստեղծված իրադրության մեջ։
–Երեկ Հայաստանի ԱԳՆ տարածած հայտարարությունը բավականին ոգևորեց Ուկրաինայի հանրությանը, որ չի պատրաստվում ճանաչել Ուկրաինայի արևելքում արհեստական «նորագոյացությունները»։ Այնպես որ, այս պահին Հայաստանը, ինչպես նախորդ հարցազրույցներում էլ նշել ենք, ղեկավարվում է միջազգային իրավունքով, և հուսանք, որ այդպես էլ կշարունակվի։