Համասը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարի վերջնական ավարտի մասին: Ինչպես տեղեկացնում է mignews.com կայքը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, Համասի ռազմականացված «Իզզ ադ-Դին ալ-Կասամ» խմբավորման առաջնորդները հայտարարել են, որ Իսրայելի հետ հրադադարի մասին այլևս ոչ մի խոսք լինել չի կարող:
Միաժամանակ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակում են ռմբակոծել Գազայի հատվածը: Պաղեստինյան լրատվամիջոցները հայտնում են, որ լուսաբացին իսրայելական կործանիչները հարձակվել են ևս 13 օբյեկտների վրա: Այս պահին սպանվել են 14 պաղեստինցիներ:
AFP գործակալությունը հայտնում է, որ նախօրեին Համասի ենթակայությամբ գործող «Ազգային դիմադրության կոմիտեներ» կազմակերպության մամլո քարտուղարը հայտարարել է, թե իրենք որևէ կապ չունեն Իսրայելում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունների հետ: «Օկուպանտները ցանկանում են նման քայլով շեղել բոլորի ուշադրությունն իրենց ներքին խնդիրներից»,-ասել է նա: Այս խոսքերը հնչել են խմբավորման 5 անդամների թաղման ժամանակ, ովքեր զոհվել էին իսրայելական կործանիչների հարվածների արդյունքում:
Միաժամանակ Համասը օգնություն է խնդրել ՄԱԿ-ից, Արաբական երկրների լիգայից և Եգիպտոսից, որպեսզի նրանք ստիպեն Իսրայելին դադարեցնել հարձակումները: Պաղեստինից Իսրայելի տարածքի վրա միայն մեկ օրում ընկել է առնվազն 30 հրթիռ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի վրա հարձակված ահաբեկիչներն արդեն սպանված են, սակայն սա դեռ ընդամենը սկիզբն է: Պաղեստինյան «Ազգային դիմադրության կոմիտեներ» կազմակերպության անդամները շարունակվում են սպանվել իսրայելցիների կողմից:
Հիշեցնենք, որ տարածաշրջանում լարվածության ավելացման պատճառ հանդիսացան երկու օր առաջ Իսրայելի Էյլաթ նավահանգստի մոտակայքում 3 ահաբեկչությունները, որի արդյունքում սպանվեց 8 իսրայելցի:








































