Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սոմալիում ծնողները սկսել են իրենց նորածին աղջիկներին ավելի հաճախ անվանել «Ստամբուլ»՝ որպես Թուրքիայի կողմից Սոմալիին ակտիվորեն ցուցաբերված օգնության երախտագիտության նշան։ Այս մասին օրեր առաջ Ստամբուլում տեղի ունեցած «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ, նախկին ԻԿԿ) նիստում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանը։
Թուրքական կողմի նախաձեռնությամբ Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ արտակարգ նիստում նրա անդամները որոշել են 350 միլիոն դոլարի հումանիտար օգնություն ցուցաբերել Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մելկին՝ մուսուլմանական Սոմալիին։ Այդ գումարի կեսից ավելին (մոտ 200 միլիոն դոլար) բաժին է ընկնում Թուրքիային։
Հիշեցնենք, որ Էրդողանը, ով ներկայումս իր պատվիրակության հետ գտնվում է Սոմալիում, այդ այցից առաջ հայտարարել էր, որ Աֆրիկայի բնական հարստությունների թալանչիները (եվրոպացիները) հանգիստ, առանց խղճի խայթի հետևում են աղետին։ Սոմալիում Էրդողանին ուղեկցելու է Թուրքիայի զինված ուժերի հատուկջոկատայինների խումբը, ինչպես նաև ուժեղացվելու է նրա անձնական թիկնազորը։










































