Երեկ «Առաջին լրատվական»-ը ներկայացրեց Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից շենքերի մերձակայքում իրենց ծառայությունը մատուցող մարմնավաճառներին:
Այնինչ այսօր թե՛ քաղաքապետարանը, թե՛ ոստիկանությունը պատճառաբանում են, որ նրանց դեմ պայքարը իրենց իրավասության ներքո չէ: Այս թեմայով զրուցեցինք ներքին գործերի նախկին նախարար Սուրեն Աբրահամյանի հետ:
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ մարմնավաճառների խնդիրը բոլորիս «այիբն» է՝ և՛ հասարակության, և՛ քաղաքապետարանի, և՛ ոստիկանության: Եվ բոլորն էլ որոշակի լծակներ ունեն նրանց կարգի հրավիրելու կամ խնդրին լուծում տալու համար:
«Վերջին հաշվով՝ դա էլ իր հիմքում նաև սոցիալական ուղղվածություն ունի, և լավ կյանքից չեն մարդիկ մարմնավաճառ դառնում: Բայց մեծ ու փոքր չինովնիկները, մեծ ու փոքր հասարակական կազմակերպությունները, քաղաքական ուժերը, իշխանությունը՝ նույն քաղաքապետի գլխավորությամբ, պետք է հասկանան վերջապես փողոցում օրեցօր ավելացող պոռնիկների քանակը մի օր, ցավոք սրտի, իրենց ամուր փակած տան, բնակարանների դռներն է բախելու: Դա բոլորիս ցավն է: Դրա համար մատների արանքով այդ խնդրին չպետք է նայենք, կամ մեկը մյուսի վրա չգցի այդ խնդիրը, այլ բոլորը միասին թևերը քշտած այդ հարցի լուծումը տան, որ մի օր իրենց տան դուռը չբախի այդ ցավը:
Մեր ամենամեծ ցավը նրանում է, որ 2500 հայեր ստորագրություն են հավաքում պեդոֆիլ Սերոբ Տեր-Պողոսյանի համար՝ նրան քրեական պատասխանատվության չենթարկելու համար»,-ահազանգեց Սուրեն Աբրահամյանը:








































