«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը Արցախում սկսում է ՆՈՒՌ (Նոր ուսումնական ռազմավարություն) ծրագիրը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Անա Քրիստինա Շիրինյանը տեղեկացրեց, որ ծրագրի մեկնարկը որոշվել է տալ ԼՂՀ-ում, քանի որ Արցախը «Ֆրութֆուլ»-ի օգնության կարիքն ավելի շատ ունի:
Ծրագրի վերաբերյալ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը և արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը պայմանագիր էին կնքել հունվարին: ԼՂՀ կառավարության և Հայ բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ իրականացվող ծրագրի նպատակն է փոխել ապագա կրթական համակարգը:
Ծրագրի շրջանակներում Շուշիի և Ստեփանակերտի դպրոցների տարրական դասարանների բոլոր աշակերտներին և ուսուցիչներին կտրամադրվեն դյուրակիր համակարգիչներ՝ «Յուրաքանչյուր երեխային՝ 1 համակարգիչ» սկզբունքով:
«Սա միայն համակարգիչ չէ, սովորելու ձև է»,- ասաց Ա. Ք. Շիրինյանը՝ նշելով, որ նախ համակարգիչներ կհատկացվեն 140 ուսուցիչների, նրանց համար վերապատրաստման դասընթաց կանցկացվի, ապա հոկտեմբեր-նոյեմբերին համակարգիչներ կնվիրվեն 3.600 աշակերտների:
ՆՈՒՌ ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալը հայտնեց, որ XO համակարգիչները հատուկ կրթական նպատակներով մշակվել են ԱՄՆ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում և ունեն ծրագրային ապահովման բաց հիմք. «Այն սովորական «լափթոփ» համակարգիչ չէ: Այն չի կոտրվում, ստեղնաշարը ջրակայուն է, մարտկոցները մի քանի ժամ կարող են աշխատել, իսկ էկրանը կարող է էներգիա ստանալ արևից: Համակարգիչներն ունեն WiFi միացում: Սա գործիք է, որով Արցախի երեխաները կապ կհաստատեն աշխարհի հետ»:
Յուրաքանչյուր համակարգչի արժեքը 270 դոլար է, ծրագրի այս տարվա ընդհանուր բյուջեն՝ 1.5 մլն դոլար:
ՆՈՒՌ-ի՝ «Յուրաքանչյուր երեխային՝ 1 համակարգիչ» ծրագիրը լինելու է շարունակական:
ԼՂՀ կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել ինտերնետ կապ, որը ծրագրի գլխավոր բաղադրիչներից է: Կառավարությունը կապահովի, որ ԼՂՀ մյուս քաղաքներն ու գյուղերը ևս շուտով ոււնենան գերարագ ինտերնետային կապ: Դրանից հետո ՆՈՒՌ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ կտրամադրի ինտերնետով ապահովված դպրոցներին:










































