ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող՝ Ավանի վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում երեկ ուշ երեկոյան հարսանեկան խնջույքի ժամանակ խնամիների միջև անհամաձայնություն է ծագել, որին միջամտել է Ռուբեն Հայրապետյանի՝ Եզդի Աշոտ մականունով թիկնապահը, և հրաձգություն սկսել:
Ներկա պահին կան երկու վիրավորներ: Ավելին՝ խնջույքի մասնակիցներից և վիրավորներից մեկը՝ 78թ. ծնված Նորիկ Աթոյանը, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից է: Նա միջադեպից հետո տեղափոխվել է Երևանի 3-րդ կլինիկական հիվանդանոց, որտեղից տեղեկացանք, որ վերջինս ստացել է ազդրի ստորին և միջին մեկ երրորդականի հրազենային վնասվածք՝ ազդրոսկրի բաց բազմաբեկոր կոտրվածքով: Մի քանի ժամ հետո նա տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոց:
Մյուս վիրավորը, որը մնացել է 3-րդ կլինիկական հիվանդանոցում, 86թ. ծնված Հերսանդ Մկրտչյանն է: Նա էլ ստացել է ձախ ոտքի հրազենային թափանցող վնասվածք՝ սրունքի ոսկրերի ստորին մեկ երրորդականի բաց կոտրվածքի տեղաշարժով:
Մկրտչյանին բուժող հերթապահ բժիշկ Աննա Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր պատրաստվում են Հերսանդ Մկրտչյանին վիրահատել։ Այս պահին հիվանդի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:











































